Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթությունն անվճար է, բայց նայած ում տեսանկյունից. վեճ ԱԺ-ում

Սեպտեմբեր 16,2015 14:25

ԱԺ նիստում սեպտեմբերի 16-ին շարունակվում է քննարկվել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը սահմանադրագետ Վարդան Պողոսյանին հարց ուղղեց կրթական իրավունքի մասին. «Խոսքը գնում է պարտադիր 12-ամյա կրթության մասին: Հնարավո՞ր է այնպես ձեւակերպվի, որ քաղաքացին իրավունք ունենա 12-ամյա անվճար կրթական իրավունքից օգտվել»:

Վարդան Պողոսյանը պատասխանեց, որ 37-րդ հոդվածի առաջին կետի հետ խնդիր ունեն, գրված է անվճար կրթության նվազագույն տեւողությունը 12 տարի է, նախագծի մշակման ժամանակ նկատի են ունեցել կրթական ծրագրերի նվազագույն տեւողությունը: Կարելի է նախատեսել, որ պարտադիր կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է»:

Սա լսելուն պես Հրանտ Բագրատյանը տեղից բղավեց, որ այդպիսի բան չկա, անվճար չի լինում: Վարդան Պողոսյանն էլ արձագանքեց. «Պարոն Բագրատյան, երբ մենք ասում ենք անվճար, նկատի չունենք, որ ընդհանրապես որեւէ մեկը չի վճարում, խոսում ենք անվճար՝ նայած ում տեսանկյունից: Խոսում ենք կոնկրետ անձի տեսանկյունից, ոչ թե այն տեսանկյունից, ինչի մասին դուք եք ասում»:

Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց՝ կրթությունը թվերով չի կարելի չափել. «Կրթությունն իր բաղադրիչներն ունի՝ տարրական կրթություն, հիմնական կրթություն, միջնակարգ, բարձրագույն, հետբուհական: Եթե նկատի ունենք 12-ամյա միջնակարգ կրթությունը, մի օր կարող է անհրաժեշտ լինի 13 տարի սովորել, կամ 10-11 տարի»:

Նա խնդրեց Վարդան Պողոսյանին դրա վրա էլ ուշադրություն դարձնել:

Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ առաջարկեց նախագծից հանել նախարարությունների համար սահմանված թիվը. «18 է նախատեսվում, արդյոք պե՞տք է թիվը ամրագրել, գուցե պետք է լինի 16»:

Էդմոն Մարուքյանը կառավարության անդամի քաղաքացիության ցենզի մասին հարց ուղղեց՝ չե՞ք կարծում, որ գործադիր իշխանությունում կարող էինք նաեւ սփյուռքից լավ մարդկանց բերեինք, հրավիրենք ՀՀ՝ նախարար աշխատելու, որ ռեֆորմներ իրականացնեին: Մենք հրավեր կատարելու իրավունքից զրկվում ենք՝ որպես պետություն:

Վարդան Պողոսյանը պատասխանեց՝ կառավարության անդամը միայն տեխնիկական մենեջեր չէ, նա քաղաքականություն մշակող բարձրագույն պաշտոնատար անձ է. «Կառավարությունն է որոշում ամբողջ երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությունը եւ մանավանդ Հայաստանի պայմաններում թույլ տալ, որ կառավարության անդամը լինի այլ երկրի քաղաքացի կամ լինի երկքաղաքացի, իմ անձնական կարծիքով թույլատրելի չէ: Սահմանադրական հանձնաժողովում էլ համապատասխան որոշում ընդունվեց»:

Նա ասաց՝ պատկերացրեք, ինչպե՞ս կարող է ՀՀ ՊՆ նախարարը լինել այլ երկրի քաղաքացի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930