ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը, որն առավել հայտնի է «ՍԱՍ-ի Արտակ» անվամբ, այսօր խորհրդարանում հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Զբաղված էր: Օրենսդիրի`ինչո՞վ զբաղված լինելու հարցն այդպես էլ առկախ մնաց, քանի որ Արտակ Սարգսյանը նիստերի դահլիճում ներկա ստանալուց հետո լքեց այն:
Այս իմաստով, նա միակն ու անկրկնելին չէր: Գրանցվելուց հետո, սովորույթի համաձայն, նիստերի դահլիճը լքում են գրեթե բոլոր մականունավոր պատգամավորները`անկախ նրանից, թե որ խմբակցությունից են: Քանակական առումով, ամենաշատ մականունավոր պատգամավորները ՀՀԿ խմբակցությունում են:
Հիշեցնենք, որ իշխող կուսակցության պատգամավորներն այդ քայլին դիմում են ի հեճուկս իրենց ղեկավար, երկրի նախագահ Սերժ Սարգսյանի`դեռ երկու տարի առաջ հնչեցրած`«խրամատը չլքելու» հորդորին:
Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ: Տեւական բողոքի ակցիաներից հետո Սերժ Սարգսյանը հրավիրեց խորհրդակցություն, որի ժամանակ էլ հայտարարվեց, թե հոսանքի սակագնի բարձրացման բեռն ամբողջությամբ կսուբսիդավորի կառավարությունը, իսկ ՀԷՑ-ում աուդիտ կիրականացվի: Ավելի ուշ, սակայն պարզ դարձավ, որ կառավարությունը ոչ թե ամբողջ բեռն է սուբսիդավորելու, այլ միայն բնակչության եւ ՓՄՁ-ների: Սա հերթական դժգոհության համար պատճառ դարձավ:
Կարդացեք նաև
Որոշ մասնագետներ կանխատեսեցին, որ խոշոր բիզնեսին չսուբսիդավորելը կհանգեցնի առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացմանը: Այսօր խորհրդարանում լրագրողները փորձում էին պարզաբանումներ ստանալ`ինչպե՞ս են ՀՀԿ-ական գործարարները վերաբերվում այդ խնդրին: Շատերը, ի դեպ, հրաժարվեցին մեկնաբանել հոսանքի թանկացման շուրջ տեղի ունեցած զարգացումները:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Պետրոսյանը` «ՄԱՊ-ի Ալիկ», փորձեց ըմբռնումով մոտենալ կառավարության քայլին. «Եթե կառավարությունը որոշել է սուբսիդավորել միայն բնակչության սպառած էլեկտրաէներգիան, ուրեմն հնարավորություններն այդքան են»:
Նա «շատ գոհ» է կառավարությունից, որովհետեւ կարող էր ավելի բարձր լինել հոսանքի սակագինը. «Կառավարությունն իր հնարավորությունների սահմանում է գործել, հնարավորություն չունի, հիմա նենց ենք դուք խոսում, ոնց, որ նոր եք տեսնում թանկացում, ամբողջ կյանքն է թանկացել»:
Լրագրողներից մեկի հարցին, թե Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կառավարությունն ամբողջ բեռն է իր վրա վերցնելու, ինչո՞ւ այդպես չեղավ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորն արձագանքեց. «Դե հիմա ամբողջ խնդիրը կայանում է նրանում, եթե Հանրապետության նախագահն ասել է ամբողջը պետք է լիներ, ապա եթե այսօր միայն բնակչությունն է, ուրեմն հնարավորությունները այդքան են: Հիմա տենցա ուզել անի այդ մարդը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ