Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախասրահն այս օրերին վերածվել է պատկերասրահի:
Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների գեղանկարների «Ամառային պլեներ» խորագրով ցուցահանդեսի բացումը։ Ներկայացված է շուրջ 100 գեղանկար, որոնք ուսանողների՝ պրակտիկայի ընթացքում կատարված աշխատանքներն են։ Ցուցահանդեսը բաց կլինի 10 օր:
Բացման արարողությանը ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ հիմնադրամը մեծ տեղ է հատկացնում երիտասարդ ստեղծագործողների խրախուսման ծրագրերին: Նա տեղեկացրեց, որ հիմնադրամն է ապահովել երիտասարդ ստեղծագործողների այցը տարբեր տեսարժան վայրեր, որտեղ կարողացել են կտավին հանձնել իրենց տեսածն ու մտքերը:
Պարոն Ավագյանը նկատեց. «Ցուցահանդեսները հատկապես ստեղծագործող ուսանողների համար կարևորագույն բաղկացուցիչ են, որոնցով կարողանում են ներկայանալի ու ճանաչելի դառնալ և գնահատվել այս ոլորտում: Կարևոր է, թե ինչպիսի գնահատանքի են արժանանում մասնագետների կողմից, որը հնարավորություն է տալիս նրանց էլ ավելի կատարելագործել իրենց ստեղծագործ միտքը»:
Կարդացեք նաև
Պարոն Ավագյանն այնուհետև հավելեց. «Բոլորը գիտեն, որ ստեղծագործողներն այլ կերպ են մտածում ու տեսնում շրջապատը: Մենք ամեն ինչ անում ենք, որ իրենց այդ դրսևորումներն ավելի ցայտուն ու արտահայտված լինեն, քանի որ դրանով են նրանք տարբերվում և դրանով է պայմանավորված նոր խոսքը ստեղծագործ աշխարհում»:
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանը հիշեցրեց, որ սա հիմնադրամի կազմակերպած առաջին ցուցահանդեսը չէ ու հավելեց. «Ուրախալի է, որ ուսանողներին հիմնադրամը հնարավորություն է տալիս առանց գումարներ ծախսելու լավագույն ցուցասրահներում, օրինակ` Նկարիչների միության ցուցասրահում ցուցադրել իրենց աշխատանքները: Ծաղկաձորի պրակտիկան կազմակերպվել է հիմնադրամի միջոցներով, և դա օգտակար է, որպեսզի ուսանողները կարողանան ինքնադրսևորվել»:
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 3-րդ կուրսի ուսանողուհի Գրետա Այվազյանը պրակտիկայի օգտակարությունն այսպես գնահատեց. «Հիմնադրամի այս նախաձեռնության շնորհիվ մեկ շաբաթում այնքան շատ բան ենք ձեռք բերել, որ չէինք կարող ամիսների ընթացքում ստանալ»:
Նշենք նաև, որ ցուցահանդեսի մասնակից ուսանողները հիմնադրամի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն