Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից պայքարում մնացել է միայն Լեւոն Արոնյանը: Մրցակարգի համաձայն այսօր արագ շախմատի չորս պարտիաներում (երկուական 25 եւ 10 րոպեանոց ժամակարգով), իսկ անհրաժեշտության դեպքում, այսպես կոչված, «Արմագեդոնում», որոշվելու է, թե մրցակիցներից ո՞վ՝ Լեւոն Արոնյա՞նը, թե՞ ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոն կանցնի 1/16 եզրափակիչ:
Ինչ խոսք, որ այս հակամարտությունում նախապատվությունը Հայաստանի լավագույն շախմատիստի կողմն է: Սակայն նման պատասխանատու մրցաշարում, որն անցկացվում է Ադրբեջանում, որքան էլ կազմակերպիչները լավ պայմաններ ապահովեն, հոգեբանական անհարմարավետություն, այնուամենայնիվ, կա: Ավելացնենք նաեւ պատասխանատվության զգացումի այն աստիճանը, որ ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի այս խաղարկությունը Լեւոն Արոնյանի համար, հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելու միակ շանսն է, որի համար անհրաժեշտ է հասնել առնվազն եզրափակիչ փուլ: Հուսանք, որ Լեւոնին դա անել կհաջողվի: Իսկ Աստված մի արասցե, եթե Արոնյանը Բաքվում ճանապարհի կեսից դուրս մնա պայքարից, պահեստային մեկ տարբերակ կարող է լինել, եթե Հայաստանը դառնա հավակնորդների մրցաշարի կազմակերպիչ, ինչը քիչ հավանական է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ bakuworldcup2015.com-ի