Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հո մշակութային «նոքարներ» չե՞նք». Ալեքսանդր Թոփչյան

Սեպտեմբեր 16,2015 11:13

«Ժամանակն է, որ մենք թարգմանություն ասելով չհասկանանք միայն օտար լեզվից հայերեն: Թարգմանությունը կամուրջ է, երկկողմանի շարժում: Եվ ժամանակն է, որ խոսենք մեր գրականությունն այլ լեզուներով թարգմանելու մասին: Ինչո՞ւ եմ ասում՝ ժամանակն է: Որովհետև խորհրդային տարիներին ոչ մեկը չէր բարձրացնի այդ հարցը. դա արդեն որոշված էր, ամեն հանրապետություն իր քվոտան ուներ, որով մոսկովյան հրատարակչություններում լույս էին տեսնում գրքերը»,- սեպտեմբերի 15-ին Նարեկացի արվեստի միությունում կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց գրող, հրապարակախոս, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը:

Հանդիպման ընթացքում նա խոսեց որակյալ թարգմանության անհրաժեշտության, կարևորության, նշանակության և այլնի մասին, առանձնացրեց նաև թարգմանության հետ կապված մի քանի խնդիրներ:

Նրան մտահոգում են, օրինակ, կրկնվող հրատարակությունները. «2007 թվականին ես թարգմանեցի ֆրանսիացի պատմաբան Ֆիլիպ Վիդըլեի «Թուրքական գիշեր» հրաշալի գրքույկը: Լույս տեսավ Հայաստանում և, միաժամանակ, ավելի մեծ տպաքանակով տպագրվեց Բեյրութում՝ արդեն արևմտահայերեն: Երկու տեղերում էլ շատ լավ ընդունվեց և սպառվեց կարճ ժամանակում: Մի քանի ամիս հետո գալիս եմ Երևան և տեսնում նույն գիրքը մեկ ուրիշ թարգմանությամբ, մեկ ուրիշ հրատարակչությունում: Ուրախ եմ, եղբա´յր, Դուք հաստատում եք, որ ես լավ ընտրություն եմ կատարել, բայց հարգելի´ կոլեգա, այդքան եռանդն ափսոս չէ՞ր, ուրիշ գործի վրա ծախսեիք: Եվ հետաքրքիրն այն էր, որ դա չէիր կարող նրա անտեղյակությանը վերագրել. գիտեր, որ արդեն թարգմանել եմ, բայց հարկ է համարել նորից թարգմանել: Ես մտածեցի՝ կարո՞ղ է ես այնքան վատ եմ արել, որ մարդն ասել է՝ այս հոյակապ տեքստը պետք է ավելի լավ թարգմանել: Վերցրի կարդացի, մեկ-երկու բան կար, որ ավելի հետաքրքիր էր, բայց չէի ասի, որ…»:

Թարգմանչին հուզող կարևորագույն խնդիրներից մեկն էլ մինչ օրս շարունակվող՝ երկրորդ լեզվից կատարվող թարգմանություններն են. «Կան անձինք, որոնք շարունակում են այդպես թարգմանել, և հրատարակչություններ, որոնք նախանձելի համառությամբ հրատարակում, ապա մի քանի անգամ վերահրատարակում են: Իրենց գործն է, բայց, լավ, մենք հո մշակութային «նոքարներ», ստրուկներ չե՞նք: Եթե դու շատ ես սիրում այս կամ այն իսպանալեզու կամ ֆրանսալեզու գրողին, նստի սովորի նրա լեզուն, ինչպես Պողոս Մակինցյանն էր անում: Նա այնքան սիրահարված էր «Դոն Կիխոտին», որ հատուկ նստեց սովորեց լեզուն, որ «Դոն Կիխոտ»-ը բնագրից թարգմանի»:

Հիմա շարունակվում են երկրորդ լեզվից թարգմանությունները, միայն թե, Ալ. Թոփչյանի ձևակերպմամբ, «տիրոջ» լեզուն է փոխվել. «Առաջ ռուսերենից էին թարգմանում (էլի շարունակվում է, իհարկե), հիմա՝ անգլերենից: Պաբլո Ներուդա տեսա՝ թարգմանված անգլերենից: Հետո՞: Լավ է գոնե, որ թուրքերենից չենք թարգմանում»,- ասաց Ալ. Թոփչյանը:

Նրա դիտարկմամբ՝ կա մի բան, որը ռուսերենից թարգմանողները հաճախ նկատի չեն ունենում. «Ռուսները շատ տիրական և քմահաճ վերաբերմունք ունեն բնագրի նկատմամբ: Ես դրանում համոզվեցի, երբ Լակլո էի թարգմանում: Ձեռքիս տակ ունեի և´ ռուսերեն, և´ լեհերեն թարգմանությունները ու համեմատում էի (դա պարտադիր է թարգմանչի համար): Ես այնտեղ տեսա՝ ինչպիսի կամայական խմբագրումներ, կրճատումներ, փոփոխություններ էին արել ռուս շատ լուրջ թարգմանիչներ: Նույնը նաև ֆրանսիացիների մոտ եմ նկատել: Այնպես որ, երկրորդ լեզվից թարգմանելիս դու արդեն բավականաչափ փոխված մի տեքստ ես թարգմանում»,- ընդգծեց թարգմանիչը:

Նա առանձնացրեց նաև թարգմանված տեքստի խմբագրման խնդիրը. «Խմբագիրները ոչ միայն այդ տեքստի լեզուն պետք է իմանան, այլև ժամանակը, տվյալ ժողովրդի բարքերը և շատ այլ հանգամանքներ: Մինչդեռ, մենք տեսնում ենք շատ տարօրինակ պատկեր. մարդն իր անունը դրել է խմբագիր ու խմբագրում է ճապոներենից, անգլերենից, իսպաներենից և այլ լեզուներից թարգմանված տեքստեր՝ չիմանալով այդ լեզուները: Լավ, եղբա´յր, ասենք դու հրաշալի հայերեն գիտես, բայց որքանո՞վ ես վստահ, որ թարգմանիչը սկզբնաղբյուրից բարեխղճորեն է թարգմանել: Ի՞նչ երաշխիք ունես: Չեմ ասում՝ բառ առ բառ պիտի համեմատես, բայց մի քանի էջ համեմատելուց հետո երևում է թարգմանչի բարեխղճությունը»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930