Երեկ մինչև խորհրդարանի նիստը, ԲՀԿ խմբակցությունը նիստ էր գումարել և քննարկել Սահմանադրության նախագծի շուրջ միասնական դիրքորոշում ներկայացնելու հարցը: Նիստի ավարտից հետո ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խմբակցության անդամները դրական են արտահայտվել ներկայացված նախագծի վերաբերյալ, սակայն իրենք դեռ «այո» չեն ասում նախագծին, քանի որ ներկայացրել են 100-ից ավելի առաջարկություններ, և իրենց պատասխանը հստակ կլինի միայն այդ առաջարկությունների նկատմամբ հանձնաժողովի վերաբերմունքից հետո:
ԲՀԿ մեկ այլ առանցքային ներկայացուցիչ՝ Աբրահամ Մանուկյանը, բացատրելով կուսակցության դիրքորոշման փոփոխությունը՝ ազնվորեն հայտարարեց, որ իրենք մինչև փետրվարի 12-ը դեմ էին սահմանադրական փոփոխություններին և մասնավորապես՝ կառավարման նախագահական համակարգից դեպի խորհրդարանականի անցմանը, քանի որ այն ժամանակ ունեին նախագահի թեկնածու՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, սակայն փետրվարի 12-ից հետո այդ խնդիրն այլևս գոյություն չունի, իսկ կուսակցության նոր նախագահ Նաիրա Զոհրաբյանը չի ուզում նախագահ դառնալ:
Այսպիսով, ԲՀԿ-ն դանդաղ, բայց հաստատուն շարժվում է Սահմանադրության նախագծին «այո» ասելու ուղղությամբ: Մնում է միայն, որ սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովը հայտարարի, որ ԲՀԿ առաջարկների մեծ մասն ընդունված է, որից հետո ԲՀԿ-ն շատ ծանրակշիռ հիմք կունենա Սահմանադրության նախագծին կողմ քվեարկելու համար:
Անհայտ է մնում միայն մի հանգամանք՝ ինչպե՞ս են քվեարկելու ԲՀԿ խմբակցության քոչարյանական թևի ներկայացուցիչները՝ Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը: ԲՀԿ խմբակցության երեկվա նիստին նրանք չեն մասնակցել, և հրաժարվում էին պատասխանել լրագրողների հարցերին:
Կարդացեք նաև
Գևորգ Մարտիրոսյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում