ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը մասնակցում է 2015 թվականի սեպտեմբերի 14-16-ը Ղազախստանի Հանրապե¬տու-թյան մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցող ԱՊՀ անդամ պետությունների միջպետական բնապահպանական խորհրդի երկրորդ նիստին:
ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով, քննարկվել են միջպետական էկոլոգիական խորհրդի անդամների տեղեկատվության խնդիրները բնապահպանական շրջաններում ԱՊՀ երկրների համագործակցության զարգացման վերաբերյալ /բանակցությունների վերլուծություն, ԱՊՀ երկրներում բնապահպանական շրջաններում համագործակցության սահմանում/: Անդրադարձ է կատարվել Միջպետական էկոլոգիական խորհրդի գործունեության շրջանակներում կնքած համաձայնագրերի նախագծերին և քննարկվել է հետագա աշխատանքների հեռանկարները:
ՀՀ ներկայացուցիչ` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և կարևորելով բնապահպանական խնդիրների և կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ միջազգային համագործակցության անհրաժեշտությունը, անդրադարձել այդ ոլորտում Հայաստանի ունեցած փորձին: Խ. Հակոբյանը հանդես է եկել «ԱՊՀ երկրների փորձի փոխանակում կենսաբազմազանության և մթնոլորտի պահպանության քաղաքականության ոլորտում» և «ԱՊՀ երկրների Կարմիր գրքի ստեղծման մասին» զեկույցներով:
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալը իր զեկույցում նշել է. «ՀՀ-ն` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, 1993-ին վավերացնելով «Կենսաբազմազանության վերաբերյալ» կոնվենցիան և դրա շուրջ ստորագրելով մի շարք բնապահպանական համաձայնագրեր, պարտավորություններ է ստանձնել, որոնց կատարումն, անշուշտ նպաստում է շրջակա միջավայրի պաշտպանությանն ու կենսաբազմազանության արդյունավետ պահպանությանը: Հայաստանը գտնվում է 3 կենսաաշխարհագրական տարածաշրջանների հատման կետում: Հանրապետության ոչ մեծ տարածքում աճում է բուսական աշխարհի 8850 տեսակ, որոնցից 127-ը էնդեմիկ են, և կենդանական աշխարհի 17523 տեսակ: Կոնվենցիայի խնդիրների և նպատակների համաձայն՝ 1999-ին մշակվել և ընդունվել է «ՀՀ կենսաբազմազանության պահպանության ծրագիրն ու ռազմավարությունը», որից հետո էականորեն բարելավվել է նաև ոլորտի օրենսդրական բազան, էականորեն ակտիվացել է միջազգային համագործակցությունը, իրականացվել են մի շարք միջազգային ծրագրեր:
2014-ին Հայաստանը սկսել է ՀՀ կենսաբազմազանության պահպանության 2016-2020թթ. ծրագրի ու ռազմավարության» մշակումը, որն արդեն ավարտման փուլում է, ինչից հետո կհաստատվի ՀՀ կառավարության կողմից»:
Հանդիպման ընթացքում Միջպետական էկոլոգիական խորհրդի քարտուղարությունն անդրադարձել է նաև խորհրդի 1-ին հանդիպման որոշումների իրականացման ուղղությամբ կատարված քայլերին, ներկայացվել և քննարկվել է խորհրդի 2015-2017թթ. աշխատանքային ծրագիրը:
Նիստն ավարտվել է ԱՊՀ անդամ երկրների Միջպետական բնապահպանական խորհրդի մասնակիցների որոշումների և հանդիպման Արձանագրության հանդիսավոր ստորագրմամբ:
ՀՀ բնապահպանության նախարարություն