Սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի 103-րդ լիագումար նիստում կոնսենսուսով ընդունեց Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» խորագրով բանաձևը: «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը իր հրապարակած հոդվածում խոսում է այն մասին, թե որ երկրներն են աջակցություն ցուցաբերել Հայաստանի նախաձեռնությանը:
Սեպտեմբերի 11-ին, երկար տարիների դիվանագիտական համառ ջանքերից հետո, Հայաստանի Հանրապետությանը հաջողվեց հասնել բոլոր ցեղասպանությունների վերաբերյալ ընդհանուր բանաձևի միաձայն ընդունմանը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից:
Հայաստանի և համահեղինակ 83 այլ պետությունների կողմից ներկայացված բանաձևը դեկտեմբերի 9-ը հռչակում է որպես «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»: Այդ օրն ընտրվեց, քանի որ դեկտեմբերի 9-ը` 1948թ. Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օրն է:
Այսուհետ, յուրաքանչյուր դեկտեմբերի 9-ին, ՄԱԿ-ը ոգեկոչելու և հարգելու է բոլոր ցեղասպանությունների զոհերին: Չնայած բանաձևը չի նշում որևէ կոնկրետ ցեղասպանություն՝ հայերից է կախված երաշխավորել, որ իրենց ցեղասպանությունը ընդգրկված լինի ՄԱԿ-ի այդ օրվա պաշտոնական հիշատակություններում: Ոչ ոք չի զարմանա, եթե թուրքական կառավարությունը փորձի խափանել նման հայկական ջանքերը…
Կարդացեք նաև
Զավեշտալի է, որ Թուրքիան ցեղասպանության բանաձևի համահեղինակներից մեկն էր, հավանաբար վախենալով, որ ընդդիմանալը կբացահայտեր նրա արմատացած մտատանջությունը ցեղասպանության թեմայի վերաբերյալ: Հետևաբար, թուրք պաշտոնյաները իրենց այնպես պահեցին, կարծես թե այս բանաձևը կապ չունի հայերի, ասորիների, հույների և քրդերի դեմ իրենց երկրի անցյալի և ներկայի ցեղասպանական ոճիրների հետ…
Այս բանաձևի համահեղինակ 84 պետությունների շարքում էին Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ճապոնիան և Իրանը: Հետաքրքիր է, որ Ադրբեջանը և Ռուանդան հեղինակակից չեղան դրան: Ադրբեջանը չցանկացավ աջակցել Հայաստանի կողմից առաջարկված որևէ բանաձևի: Մյուս կողմից, Ռուանդան բանաձևն ավելորդ համարեց, քանի որ ՄԱԿ-ը ապրիլի 7-ը հայտարարել էր որպես Ռուանդայում ցեղասպանության հիշատակի միջազգային օր: Ի տարբերություն Ռուանդայի՝ Իսրայելը այս բանաձևի համահեղինակ է, չնայած ՄԱԿ-ը հունվարի 27-ն արդեն հաստատել է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր:
«Պատասխանատվություն պաշտպանության համար համաշխարհային կենտրոնը» (The Global Centre for the Responsibility to Protect) անցյալ ուրբաթ հանդես եկավ հայտարարությամբ՝ բարձր գնահատելով ՄԱԿ-ի բանաձևի ընդունումը և թվարկելով «նախորդ դարի ամենասոսկալի ոճիրների կարևոր տարելիցները», ներառյալ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Օսվենցիմի ազատագրման 70-ամյակը, Կամբոջայում «Կարմիր խմերների» սպանդի 40-րդ տարելիցը, Ռուանդայի, Սրեբրենիցայի, Բոսնիա-Հերցեգովինայի ցեղասպանությունների 20-րդ տարելիցները»:
ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, առաջարկվող բանաձևը սեպտեմբերի 11-ին Գլխավոր ասամբլեայում ներկայացնելիս խոսեց իր «պարտքի զգացման» մասին: Հարգանքի տուրք մատուցելով Ռաֆայել Լեմկինին, ով ստեղծել էր ցեղասպանություն եզրը, դեսպանն ասաց.
«Միջազգային օրը կվերականգնի անցյալում անտարբերության մատնված զոհերի արժանապատվությունը: Միլիոնավոր մարդկանց կյանքի անձեռնմխելիության ժխտումը ծայրագույն անարդարություն է: Ժխտողականությունը խոցում է ցեղասպանությունը վերապրածների սերունդներին: Մենք խոսում ենք փորձից ելնելով»:
Ցեղասպանության մեկ այլ շրջադարձային տարեթիվ, որ մոռացության է մատնվել միջազգային հանրության և հայ ժողովրդի կողմից՝ ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովի կողմից ընդունված զեկույցի 30-ամյակն է: «Վերանայված և նորացված զեկույց ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման հարցի վերաբերյալ» խորագիրը կրող պատմական փաստաթուղթը մշակվել էր բրիտանացի զեկուցող Բենջամին Ուիտակերի կողմից: Հատկանշական է, որ դեսպան Մնացականյանը, ցեղասպանության բանաձևը ՄԱԿ-ին ներկայացնելիս, իր ելույթում երկու անգամ անդրադարձ կատարեց այս զեկույցին:
Ուիտակերն իր զեկույցի 24-րդ պարբերությունում մեջբերել է 20-րդ դարում տեղի ունեցած ցեղասպանությունների մի քանի դեպքեր, հատուկ տեղ հատկացնելով Հայոց ցեղասպանությանը: Բացի այդ, 13-րդ տողատակում Ուիտակերն ավելացրել է.
«Անկախ հեղինակությունների և ականատեսների ստույգ գնահատմամբ, առնվազն 1 միլիոն մարդ, և հնարավոր է հայ բնակչության կեսից ավելին համարվում է սպանված կամ մահվան երթի դատապարտված: Սա հիմնավորված է Միացյալ Նահանգների, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում ժամանակակից դիվանագետների, ներառյալ դաշնակից Գերմանիայի արխիվներում գտնվող զեկույցներում: Գերմանիայի դեսպան Վանգենհեյմը, օրինակ, 1915 հուլիսի 7-ին գրել է. «[թուրքական] կառավարությունը, իրոք նպատակ է հետապնդում բնաջնջել հայ ցեղը Օսմանյան կայսրությունում» (Վանգենհեյմի արխիվ)»:
Ցավոք, Ուիտակերն անցյալ տարի մահացավ: Սակայն, ողջ են ՄԱԿ-ի ենթահանձնաժողովի մյուս երեք նախկին անդամները՝ Էրիկա Դայեսը (հույն), Լեանդրո Դեսփույը (արգենտինացի) և Լուի Ժուանեն (ֆրանսիացի), որոնք Ուիտակերի զեկույցում Հայոց ցեղասպանության հիշատակման անխոնջ ջատագովներ էին, որն ընդունվեց 1985թ. օգոստոսի 29-ին, ձայների 14 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ: 2015թ. դեկտեմբերի 9-ին, մարդու իրավունքների երեք պաշտպաններին պետք է հրավիրել ՄԱԿ՝ նշելու Ուիտակերի զեկույցի 30-ամյակը և ճանաչելու նրա եզակի ավանդը ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման գործում…
Դեսպան Մնացականյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և Հայաստանի կառավարությունը արժանի են հատուկ գնահատանքի՝ ՄԱԿ-ում ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ իրենց արդյունավետ դերակատարության համար: