Համակարգի վերարտադրությունը նրանցից կախված չէ
Այս տարվա աշնանը կամ հաջորդ տարվա ձմռանը կանցկացվի Սահմանադրության փոփոխության հանրաքվե, կընդունվի նոր Հիմնական օրենքը: Այդ օրենքով 2017 թվականի գարնանը տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով բացարձակ մեծամասնություն կստանա Հանրապետական կուսակցությունը, որը կձեւավորի կառավարություն: Սերժ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ ցուցակը, բայց կհրաժարվի մանդատից: 2017 թվականի ընթացքում օրենքը կփոխվի այնպես, որ մանդատից հրաժարված անձը կրկին ինչ-որ ձեւով կարող է հայտնվել կուսակցական ցուցակում: 2018 թվականի ապրիլի 9-ից հետո Սերժ Սարգսյանը կրկին կներառվի ՀՀԿ ցուցակի մեջ ու կդառնա Ազգային ժողովի պատգամավոր, իսկ այնուհետեւ խորհրդարանի նախագահ եւ այդպիսով կպահպանի իր իշխանությունը:
Ահա թե ինչու է ընդդիմության մի մասը դեմ Սահմանադրության փոփոխությանը: Ունե՞ն արդյոք նախագահն ու իշխող կուսակցությունը նման խորամանկ եւ կասեի նույնիսկ՝ «խուճուճ» բազմաքայլ ծրագիր: Ընդդիմության իմ բարեկամները պնդում են, որ իրենք նման տեղեկություններ ստացել են իշխանության ճամբարում իրենց «լրտեսներից»: Ինձ այդ սցենարը ֆանտաստիկ է թվում նախեւառաջ այն պատճառով, որ ես ավելի լավ կարծիքի եմ մեր ընդդիմության մասին… քան ինքը՝ ընդդիմությունը: Ըստ այդ սցենարի՝ ամեն մի հանգրվանում ընդդիմությունը ջախջախիչ պարտություն է կրում եւ չի կարողանում որեւէ դիմադրություն ցույց տալ՝ պարտվում է հանրաքվեում, պարտվում է ԱԺ ընտրություններում, պարտվում է խորհրդարանում:
Ես չեմ կարծում, որ նման բան հնարավոր է, եթե նույնիսկ ենթադրենք, որ իշխանությունը նման ծրագրեր ունի, ինչում ես նույնպես խիստ կասկածում եմ: Եթե ընդդիմությունն այդքան թույլ է, ապա ոչ մի բան չէր խանգարի փոխել Սահմանադրությունն այնպես, որ վերանա երրորդ անգամ ընտրվելու արգելքը: Ինձ չի թվում նաեւ, որ պետք է հետագա ծրագրերը կազմել՝ սեփական թուլության կանխավարկածից ելնելով եւ միմիայն հակառակորդի ենթադրյալ, հիպոթետիկ մտադրությունները հաշվի առնելով: Դա նույնն է, որ դու շախմատային խաղում մտածես կամ ավելի շուտ՝ գուշակես, թե ինչ «կոմբինացիաներ» է մշակում քո մրցակիցը, եւ ամբողջ ուժդ եւ եռանդդ ծախսես միայն դրանք քանդելու վրա, իսկ ինքդ ոչ մի «կոմբինացիա» չմշակես: «Հիմա ժողովուրդը կբռունցքվի, դուրս կգա փողոց եւ վերջ կտա բռնապետությանը»՝ դա «կոմբինացիա» չի, դա ավելի շուտ «մանթրա» է, «աֆիրմացիա», որը կրկնվում է 20 տարի: 1995-ին Դաշնակցության ու ԱԺՄ-ի առաջնորդած զանգվածները մի քանի հազար հոգով շրջում էին Երեւանի փողոցներով եւ վանկարկում՝ «ա-յոն ջըն-ջեք»՝ նկատի ունենալով Սահմանադրության հանրաքվեն, որովհետեւ, ըստ նրանց, ընդունվելիք Սահմանադրությունը հավերժացնում էր Լեուն Տեր-Պետրոսյանի բռնապետությունը: Իրադարձությունների հետագա ընթացքը հայտնի է:
Կարդացեք նաև
Բայց Հայաստանի համար այդ խաղերը, որոնք երկու տասնամյակ խաղում են մեր իշխանական եւ ընդդիմադիր գործիչները, երկրորդական նշանակություն ունեն: Կփոխվի Սահմանադրությունը, թե կմնա նույնը, կլինի իշխանափոխություն, թե «իշխանապահպանություն»՝ դա մեծ հաշվով ոչինչ չի տա: Եթե վաղը նախագահ (վարչապետ, ԱԺ նախագահ) դառնա ամենա-ամենա-ամենաարմատական ընդդիմադիրը, ասենք՝ Ժիրայր Սեֆիլյանը, ՀԱՄԱԿԱՐԳԸ, միեւնույն է, կվերարտադրվի: Որովհետեւ վերարտադրողը ոչ թե անձերն են ու կուսակցությունները, այլ մենք ենք: Իսկ մենք վերին աստիճանի քամահրական վերաբերմունք ունենք գրված եւ չգրված օրենքների նկատմամբ: Խոսում ենք «օրենքի» եւ «արդարության» մասին՝ կիրառելով այդ եզրերը բոլոր մարդկանց եւ երեւույթների նկատմամբ, բացի մեզնից:
Իսկ այդ ամենը գալիս է վստահության պակասից: Մենք չենք վստահում իշխանությանն ու ընդդիմությանը, որովհետեւ չենք վստահում միմյանց: Մենք չենք վստահում միմյանց, քանի որ չենք վստահում ինքներս մեզ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.09..2015
Ստացվում է, որ Սերժ Սարգսյանն իրեն կառավարման համակարգից դուրս դնելու համար հատուկ նախաձեռնեց սահմանադրական բարեփոխությունների գործընթացը:
Հավատալու բան չէ:
Այն վայրենությունները, որոնք կատարվում են միջազգային հարաբերություններում՝ դա ցույց է տալիս այսօրվա համաշխարհային ղեկավարության վայրենի մակարդակը։ Քանդում են ու այլասերում պետությունը, ընտանիքը, մարդուն։ Հզոր ու նույնիսկ գերհզոր պետությունները հասկանում են, ցավ էլ են զգում էդ վայրենիներից, բայց մտքներով էլ չի անցնում էդ լուսանցքնային քոչվորների(©) ձեռքից համաշխարհային ղեկավարման վահանակը առգրավեն, մեր մկների նման ժողովներ են անցկացնում ու իրար մեղադրում։ Այս պայմաններում մենք պետք է միավորվենք մեր արմատների շուրջը՝ ազգային երգ ու պար, լեզու, ազգային ռազմական ու տնտեսական յուրահատկություններ, ազգային օրենքներ ու ավանդույթներ։ Ազգի հեղինակությունները պետք է օրինակ ծառայեն ազգի համար ազգային արժեքներին տիրապետելու ու արդյունավետ օգտագործելու հարցում, կարճ՝ գովազդ կազմակերպելու համար։ Էս վայրենի թոհ ու բոհի մեջ հայի մեջ ինչքան շատ հայ լինի այնքան նա պաշտպանված կլինի։
Իրականում ընդիմությունը ավելի ճիշտ կարծիք ունի իր մասին, քան Դուք, Արամ ջան)))))