Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ շրջանում ներդրում են արել, բիզնես սկսել

Սեպտեմբեր 16,2015 15:30

Բայց պահեստ չունեն, որ արտադրության ծավալներն ավելացնեն

Կառավարության նիստերի սրահից եւ այլ ամբիոններից գյուղացուն, մասնավորապես՝ սահմանամերձ շրջանների գյուղացիներին աջակցելու, ոտքի կանգնեցնելու եւ ձեռք մեկնելու ծրագրերը, չգիտես ինչու, հենց գյուղացիներին շրջանցում են:  Մեր զրուցակից Ռուսլան Անտոնյանը` Լճկաձոր գյուղատնտեսական կոոպերատիի նախագահն` ասաց, որ «Օքսֆամի» եւ մի շարք այլ միջազգայաին կազմակերպությունների աջակցությամբ հիմնադրված պահածոների արտադրությունն ընդամենը պահեստ չունենալու պատճառով չի կարողանում արտադրական ծավալներն ավելացնել: Այս գործարանի հիմնադրման համար մեծ գումարներ է ներդրվել, բիզնեսի կանոնները պահպանվելով՝ արտադրություն սկսվել ու որակյալ արտադրանք տալու ճանապարհն ընտրել, որպեսզի իրենց ապրանքով արտերկրում պատշաճ կերպով ներկայանան, սակայն տեխնիկական պատճառներով բիզնեսը չի զարգացնում:

Նա բիզնես է ծավալում Տավուշի մարզի Այրում քաղաքում: Արտադրում է տարբեր մրգերի կոմպոտներ, ջեմեր, մուրաբաներ, որը ըստ պարոն Անտոնյանի՝ ունի ապրանքային բարձր որակ եւ տարածաշրջանի էկոլոգիապես մաքուր անտառային մրգեր, որոնք հավաքում են տարածաշրջանի տարբեր համայնքի բնակիչներ:

Ռուսլան Անտոնյանի խոսքերով՝ ամեն ինչ անում են, որպեսզի տնական արտադրանքի համ ունենա, որի հիմնական առավելությունն այն է, որ այլ հավելումներ, բացի շաքարից, չեն օգտագործում:

4-i1

«Առայժմ մեր արտադրանքը վաճառում ենք հայկական շուկայում եւ առանց խնդիրների, քանի որ մեկ անգամ մեր ապրանքը գնողը այլեւս մեզ չի մոռանում»,- ասում է Ռ. Անտոնյանը՝ ավելացնելով, որ, իհարկե, ուզում են դրսի շուկայում ներկայանալ, քանի որ պոտենցիալ ունեն եւ կարող են օրական մինչեւ 2 հազար տարա արտադրանք տալ: Այս ընկերությունն իր բիզնեսի ապագա զարգացումը կապում է արտահանման հետ:
Արտադրամասում աշխատում են 11 հոգի, իսկ պատվերների դեպքում պարոն Անտոնյանը նշեց, որ նոր աշխատատեղեր կավելանան:

«Պատահական չենք ընտրել Այրում քաղաքը, քանի որ նախկինում ունեցել եք Այրումի պահածոների գործարան, եւ այս քայլով վերականգնում ենք բարի ավանդույթները: Ցանկանում ենք լավ տարիները վերականգնել. օգտագործում ենք նախկին պահածոների գործարանի աշխատողների աշխատափորձը՝ երիտասարդ սերնդին փոխանցելով նրանց գիտելիքները: Բացի մեր տեխնոլոգից՝ մնացած աշխատողները երիտասարդներ են»:
Խնդիրներից խոսելով՝ պարոն Անտոնյանը նշեց, որ առանձնացնում է շուկայական անկայունությունը. «Գիտենք, որ հիմա արտահանումները պակասել են. մեր գնորդը հիմնականում Ռուսաստանն է, այնտեղ էլ իրենց փողը մեր փողի հետ չի համապատասխանում:

Ուզում ենք արտահանել, բայց մենք կայացման, ճանաչելու կարիք ունենք: Մոսկվան միանգամից չի կառուցվել, մենք էլ հույս ունենք, որ կմտնենք շուկա ու հաջողությամբ կաշխատենք»: Ըստ նրա. «Մենք գտնում ենք, որ եթե պոտենցիալ գնորդը կամենա մեզ հետ աշխատել, նրան անհրաժեշտ կլինի, որ մենք կլոր տարին կարողանանք արտադրանք մատակարարել, այսինքն՝ մենք պետք է հնարավորություն ունենանք քանակային արտադրության: Սակայն արտադրական հզորությունները գերազանցում են պահեստի հնարավորություններին: Պահեստային տարածքի կառուցման համար մենք դիմել էինք գյուղատնտեսության նախարարություն՝ խնդրանքով, որպեսզի համապատասխան աջակցություն ստանանք, եւ մինչեւ հիմա որոշակի պատասխան չունենք: Խնդրել էինք, որ հնարավորության դեպքում որեւէ ծրագրով իրականացվի պահեստային տարածքի շինարարությունը: Այսօրվա մեր պահեստային տարածքը մոտավորապես 200 քառակուսի մետր է: Մենք լավ գիտակցում ենք, որ մեր երկիրը ունի սահմանափակ հնարավորություններ, բայց եթե կա խնդիր, պարտավոր ենք այդ խնդիրը բարձրացնել պատկան մարմինների առաջ. գուցե մի օր մի ծրագրի մեջ ընդգրկվենք: Հույսը վերջում է մեռնում, մենք մեր անելիքը կատարում ենք»:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել