Խրախճանքներից, ուտուշ-խմուշներից հետո անտառները,
գետի ափերն ու բակերը լցվում են պոլիէթիլենի իրերով
Համաքաղաքային շաբաթօրյակները, որոնք տարին 2-3 անգամ անցկացվում են, որեւէ կերպ չեն փոխում մարդկանց գիտակցությունը՝ աղբը, մասնավորապես, պոլիէթիլենային մնացորդները բակերում, այգիներում, անտառային եւ այլ հանգստյան գոտիներում չթափելու: Այս կարծիքին է բնապահպան Լեւոն Գալստյանը, որն առաջարկում է սկսել «Մաքուր բակ, մաքուր փողոց, Մաքուր-բնակավայր, մաքուր Հայաստան» արշավը:
Ըստ պարոն Գալստյանի՝ «պոլիէթիլենային աղբն ուղեկցում է մեզ ամեն քայլափոխի, եւ Հայաստանում այն վերածվել է մի չարիքի, որից թվում է՝ արդեն հնարավոր չէ ազատվել։ Ի՞նչ անել, ինչպե՞ս ազատվել բնության մեջ գրեթե չքայքայվող այս նյութից, երբ պետական մարմիններն ըստ էության ոչ մի քայլ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ»։
«Առավոտի» հետ զրույցում պարոն Գալստյանն ասաց, որ մեր հեռուստաեթերից բացակայում են սոցիալական այնպիսի գովազդները, որոնք կբարձրացնեն մարդկանց գիտակցությունն այս մասով. «Այլ երկրներում շատ կան այդպիսի սոցիալական տեսահոլովակներ, մենք այդ առումով շատ ենք հետ մնում: Վրաստանը ի՛նչ տեսահոլովակներ է անում, ու մեր քաղաքապետարանն ինչ է անում, համեմատելու եզրեր չկան: Մեզ մոտ եթե հատուկենտ էլ անում են, ապա միայն նրա համար, որ արած լինեն, այդպիսի մոտեցումը սխալ է»:
Կարդացեք նաև
Լեւոն Գալստյանի խոսքերով՝ ամեն տարի շաբաթօրյակներին հիմնականում նույն մարդիկ են մասնակցում, ինչը ճիշտ չէ. «Մեր նախաձեռնության նպատակն այն է, որ ամեն քաղաքացի մաքրի իր շրջապատը, իր տարածքը, եւ դա անի իր երեխայի հետ միասին, որպեսզի հաջորդ անգամ աղտոտելուց առաջ մտածի եւ թույլ չտա աղտոտել: Այսինքն՝ ողջ գաղափարն այն է, որ սկսենք մեզնից եւ հույսը չդնենք, թե մեր փոխարեն ինչ-որ մեկը կգա, կմաքրի մեր աղբը: Հնարավոր է, որ իր տունը, բակը շատ մաքուր է, բայց ինքը աղբը տանում գետի ափին է թողնում»:
Այսօր գրեթե այդպիսի համայնք, բակ չկա, որտեղ պոլիէթիլենի աղբ թափված չլինի:
Բնապահպանի վստահեցմամբ՝ բնության մեջ գցած պլաստիկը 200-500 տարի չի քայքայվում: Քայքայվելիս էլ շրջակա միջավայրին մեծ վնասներ է հասցնում. «Մարդիկ հիմնականում գետերի մեջ են դրանք գցում կամ փոս տեղերում, ձորակներում: Պլաստիկն արեւի, ջրի հետ փոխազդեցության արդյունքում բաց է թողնում թունավոր նյութեր, որոնք խառնվում են հողին, ջրերին ու տարածվում շրջակա միջավայրում: Իսկ Հայաստանում հիմնականում ոչ որակյալ պոլիէթիլեն ենք օգտագործում: Փորձի համար պլաստիկ դատարկ շիշը դրեք ինչ-որ տեղ եւ մեկ տարի հետո հոտ քաշեք, այնպիսի գարշահոտ է արձակում, որ ընդհանրապես կհրաժարվեք այդպիսի շշից ջուր խմել:
Մեր երկրում նաեւ խնդիր է, որ աղբը չի տարանջատվում, չի տեսակավորվում եւ կենցաղային աղբին պլաստիկն էլ միախառնված՝ գնում է աղբավայր, որտեղ հիմնականում այրվում է: Իսկ վառելն ավելի վտանգավոր է բնության համար, քան եթե այն այդպես թողնեն»:
Լեւոն Գալստյանն ասում է, որ խնդիրը ակտուալ է բոլոր համայնքներում, եւ չկա պոլիէթիլենով քիչ կամ շատ աղտոտված բնակավայր. «Որտեղ մարդիկ ոտք են դնում՝ իրենցից հետո աղբ են թողնում»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.09..2015