Լրահոս
Օրվա լրահոսը

Աստվածաշնչյան պատում վասն Հայկական լեռնաշխարհի

Սեպտեմբեր 16,2015 13:00

Հրապարակի վրա է քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի «Հայկական լեռնաշխարհի տեղն ու դերը աստվածաշնչյան աշխարհաքաղաքականության մեջ» եռալեզու` հայերեն, ռուսերեն եւ անգլերեն երկասիրությունը:

Պատմագիտական ու քարոզչաքաղաքական իր առաջադրույթը ասպարեզ բերելուց հետո հետազոտողը աղբյուրագիտական, փաստական, վերլուծական, հոգեւոր-մշակութային վիթխարի նյութը դնելով շրջանառության մեջ, պատասխանում է կնճռոտ, տակավին չարծարծված մի շարք խնդիրների, որոնք ամբողջացնում են հայոց պատմությունը` Նոյապատումի նոր մեկնաբանությամբ ու հիմնավորումներով: Աշխատության վերնագրի «աստվածաշնչյան» բառը ամենից առաջ հղում է պատմաբանի ելակետը, այն պարագան, որի նյութը նա հետազոտում է ոչ թե մեկդի, իրարից անջատ փաստերով, իրողություններով, այլ առաջադրված թեմային աղերսվող, նյութի հեռավոր ու մոտ եզրերի, բազմաշերտ ներքին կապերի եւ դրանց ամբողջական-տրամաբանական համակարգի մեջ:

Ակներեւաբար պատմաբանը ունեցել է առանցքային եւ վերին աստիճանի սկզբունքային, հույժ արդիական խնդիր` ապացուցելու, որ հայկական լեռնաշխարհը մարդկության բնօրրանն է, քանի որ Նոյը իր «փրկիչ տապանը» հենց տեղակայել է Արարատ լեռան գագաթին: Հետազոտողի խոսքով. «Նոյի տապանը խարիսխ նետեց Արարատի գագաթին, որն ըստ էության հայկական բարձրավանդակի կենտրոնն է»: Այսինքն` երիտասարդ գիտնականն արդի աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային հակոտնյա ու վտանգավոր զարգացումների ֆոնին ուրվագծել է տեղեկատվական, քաղաքական-գաղափարախոսական, քարոզչական, դիվանագիտական իր տեսլականը` հիմնավորված աստվածաշնչյան աշխարհաքաղաքականության առարկություն չհարուցող փաստերի, դրանց տրամաբանական կապերի, ներքին օրինաչափությունների վրա:

Գլխավոր այդ շեշտերից զատ, կան նաեւ բազմաթիվ այլ ենթաշերտեր ու ենթահարցեր, որոնք Դավիթ Բաբայանի աշխատության մեջ գտել են իրենց համարժեք, գիտական լուծումները` ի պատասխան թուրք-ազերիների կեղծ հռետորաբանության ու նենգամիտ սադրանքների եւ միջազգային հանրության երկդիմի կեցվածքի ու սքող շահերի: «Հայկական լեռնաշխարհի տեղն ու դերը աստվածաշնչյան աշխարհաքաղաքականության մեջ» երկասիրության առաջաբանը հեղինակել է գրող, հրապարակախոս եւ ճանապարհորդ Զորի Բալայանը:

ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել