Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռոբերտ Էմմիյան. «Իմ կյանքի ամենալավ հիշողությունները կապված են Ծաղկաձորի օլիմպիական մարզադաշտի հետ»

Սեպտեմբեր 16,2015 12:30

Ծաղկաձորի գլխավոր օլիմպիական մարզաբազայի մարզադաշտում կայացած ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2015» մրցույթի եզրափակիչ փուլի փակման արարողության հյուրերի մեջ էր նաեւ գյումրեցի լեգենդար հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը:

«Առավոտը» այդ բացառիկ առիթը բաց չթողեց՝ զրուցելու Ռոբերտ Էմմիյանի հետ, որը հենց նույն մարզադաշտում 1987 թվականի մայիսի 22-ին կայացած ԽՍՀՄ առաջնությունում ցատկելով 8 մ 86 սմ, Եվրոպայի ռեկորդ սահմանեց: Այդ ռեկորդը մինչեւ այսօր ոչ ոք չի գերազանցել:

-Մենք հիմա կանգնած ենք այն ցատկափոսի մոտ, որում դու մոտ 29 տարի առաջ Եվրոպայի ռեկորդ ես սահմանել: Ի՞նչ զգացողություն ունես այս պահին:

-Անբացատրելի: Կյանքիս ամենալավ հիշողությունները կապված են Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայի հետ: Ուրախ եմ, որ իմ ռեկորդն արդեն գրեթե 29 տարի պահպանվում է: 1987 թվականին այստեղ անցկացվում էր ԽՍՀՄ առաջնությունը, որի արդյունքներով պետք է որոշվեր, թե ովքեր են մեկնելու Իտալիայում կայանալիք աշխարհի առաջնություն: Իմ այդ ցատկով ես ընդգրկվեցի ԽՍՀՄ հավաքական եւ աշխարհի առաջնությունում 8,53 արդյունքով նվաճեցի արծաթե մեդալ՝ զիջելով միայն 20-րդ դարի բոլոր մարզաձեւերում լավագույն մարզիկ ճանաչված Կարլ Լյուիսին:

-Ծաղկաձորյան ԽՍՀՄ առաջնությունում քո հիմնական մրցակիցն ո՞վ էր:

-Գուցե, եռացատկի աշխարհի չեմպիոն Լեոնիդ Վոլոշինը:

-Այն տարիներին ԽՍՀՄ հավաքականի գլխավոր մարզիչը մեր հայրենակից, նույնպես լեգենդար ցատկորդ Իգոր Տեր-Հովհաննիսյա՞նն էր:

-Այո: Եվ նա ինձ օգտակար բազմաթիվ խորհուրդներ էր տալիս:

-Քո կարծիքով՝ 8,86 մետր ցուցանիշը Եվրոպայում դեռ երկա՞ր կմնա չգերազանցված:

-Գիտե՞ք, հիմա ավելի հեռու ցատկելու հնարավորություններն անհամեմատ մեծ են: Չգիտեմ, թե ինչն է պատճառը, որ հատկապես եվրոպացի, ինչո՞ւ չէ, նաեւ աշխարհի հեռացատկորդներից շատերը չեն կարողանում այդ սահմանին հասնել եւ հաղթահարել: Օրինակ, վերջերս Չինաստանում անցկացված աշխարհի առաջնությունում չեմպիոնը ցույց տվեց 8,41 մետր արդյունք: Իսկ ես նույն ցուցանիշով Շտուտգարդտում 1986 թվականին Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել եմ հորդառատ անձրեւի պայմաններում: Գուցե, հարկավոր է ավելի շատ աշխատել, սիրել այս մարզաձեւը:

-Հիմա տեսնում ես, որ «քո ցատկափոսը» անմխիթար վիճակում է: Ի՞նչ ես զգում:

-Ցավում եմ եւ ուզում, որպեսզի Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխանող աթլետիկական մարզադաշտ լինի: Ես հանդիպել եմ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետի հետ, զրուցել այդ թեմայով: Նրանք խոստացել են խնդրին դրական լուծում տալու ուղիներ որոնել: Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան ցանկացած պահի պատրաստ է $160 հազար օժանդակություն ցույց տալ: Բայց աշխատանքները հարկավոր է սկսել հնարավորին չափ շուտ եւ Հայաստանը պետք է առնվազն նույնքան գումար ներդնի: Գիտեմ, որ այսօր բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, բայց հույս ունեմ, որ մեր այս երազանքին շուտ հասնելու համար կարվի հնարավոր ամեն բան: Ինձ հույս ներշնչում եւ ուրախացնում է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը, որն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո: Հազարավոր ընտանիքներ են մասնակցում այդ մրցույթի ծրագրում ընդգրկված աթլետիկական մրցաձեւերին: Մենք՝ հայերս, մարզասեր եւ մարզական ենք: Ու հենց այս մրցույթում, հնարավոր է, որ նոր աստղեր ի հայտ գան:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930