«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը պնդում է, որ նախօրեին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները նախապես կանխորոշված էին:
«Հայաստանում ընտրություններ ընդհանրապես չեն լինում արդեն քանի տարի է, բացառությունները, երբեմն, լինում են, այն էլ ՀՀԿ-ի հաշվարկով, որովհետեւ իշխանական կլանը մի տեղ բացթողում է անում, մի տեղ ձեւականություն է անում, որ ցույց տա թե երկրում ժողովրդավարություն է: Բայց դե կրակում են ինչքան ուզում են»,- ասաց պարոն Եղնուկյանը:
Նա նկատեց, որ հատկապես ընտրություններից առաջ են թեկնածուները կուսակցությունից կուսակցություն տեղափոխվում ու տեղափոխությունը անվանեց առնետավազք.
«Աթոռի տիրանալու խնդիր են լուծում, այսօր ՀՀԿ-ում են, վաղը՝ ԲՀԿ-ում: Բայց մեծ հաշվով, նույն կաթսան է, թե ինչ է կաթսայում էական չէ: Քաղաքական գործիչներ կան արդեն երեք-չորս կուսակցություն են փոխել, իրենց համար կուսակցական լինելը կարիերա է, գաղափարախոսություն չէ: Այսօրվա կուսակցությունները գաղափարախոսություն չունեն»:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, սահմանադրական փոփոխություններին ընդառաջ կուսակցությունները փոխելու դեպքերը կաճեն. «Սահմանադրական չարեփոխումները, որը նախատեսում է Սերժ Սարգսյանը անել, դրանով փաստորեն, միակուսակցականություն է հաստատելու: Կոմկուս ենք դառնալու: Ինչպես կոմունիստական բանդան էր մեկ կուսակցություն, հիմա էլ ՀՀԿ-ն են ուզում դարձնել Հայաստանում մեկ կուսակցություն:
Հաշվի առնելով այդ չարեփոխումները՝ առնետները առնետավազքի մեջ են մտել ու ժամանակից շուտ վազում են ՀՀԿ-ի շրջանակները, ու դեռ ավելի շատ են վազելու, որովհետեւ եթե փոփոխությունները լինեն, միայն ՀՀԿ-ն է մնալու դաշտում, մնացած բոլորը դեկորացիա են լինելու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ