Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Երաժիշտ. «Քանի՞ տարի է անհրաժեշտ ներկայիս սերնդին, որ դառնա կոմիտասագիտակից»

Սեպտեմբեր 15,2015 21:33

Դանիել Երաժիշտը հուզված էր, քանի որ զգում էր Կոմիտասի շունչը

«Շարական» հնագույն երաժշտության անսամբլի գեղարվեստական ղեկավար Դանիել Երաժիշտը սեպտեմբերի 15-ին Կոմիտաս թանգարան-ինստիտուտում հանդիպում-զրույց ունեցավ «Կոմիտասը եւ  հայոց ազգային ինքնությունը» թեմայով: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Աննա Մայիլյանը եւ նրա վոկալի արվեստի կենտրոնի սաները, որոնք հանդիպման ընթացքում կատարումներով հանդես եկան:

Հանդիպման ընթացքում Դանիել Երաժիշտն ասաց, որ հուզվում է, քանի որ զգում է Կոմիտասի շունչը:

IMG_0009[1] IMG_0012[1]

«1968 թվականին տեղի ունեցան Արամ Խաչատրյանի հեղինակային համերգները Ամերիկայում, եւ թղթակիցներից մեկը բնութագրելու համար ամերիկացիների վերաբերմունքը Արամ Խաչատրյանի արվեստին մի նորաբանություն էր մտցրել՝ անգլերեն՝ Khachatryanconscious, այսինքն՝ թարգմանաբար խաչատրյանագիտակից կամ խաչատրյանընկալունակ: Եվ ասում են, որ 30 տարի է անհրաժեշտ, որ Ամերիկայի երաժշտասեր հասարակությունը  խաչատրյանագիտակից դառնա: Հիմա հարց է ծագում՝ քանի՞ տարի է անհրաժեշտ ներկայիս սերնդին, որ դառնա կոմիտասագիտակից»,- նկատեց Դանիել Երաժիշտը:

Ըստ նրա՝ հասարակությունը կոմիտասագիտակից կդառնա, երբ ծնողը անհանգստանա, երբ 4 տարեկան երեխան չի ճանաչում Կոմիտասին. «Կոմիտասը պնդում էր, որ մեր երգարվեստը մայրենիից է բխում, հայ երաժշտությունը մեր մայրենիից է բխում: 4 անբաժան տարրերից՝ ժամանակ, ելեւէջ, հնչյուն, ոգի: Ժամանակն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում հայերեն մեկ վանկ կամ մեկ ձայնավոր ենք արտասանում, ելեւէջը ինտոնացիան է՝ ելնել, իջնել, եւ հնչյունը մեր հնչյունային ամբողջ համակարգն է: Ոգին միստիկ հասկացություն է, սա խոսքերով չի ասվում: Մարտիրոս Սարյանն ասում էր՝ ես 5000 տարեկան եմ, նույն տարիքում է Արամ Խաչատրյանը, այսինքն՝ արվեստագետը իր մի կյանքում խտացված պարունակում է հայ ժողովրդի անցած դարավոր ուղղին: Նույն տարիքում է Կոմիտասը, եթե մենք երգում ենք, հաղորդակցվում ենք Կոմիտասի հետ, մեր մեջ պարունակում ենք այդ 5000 տարիների մշակույթը խտացրած ձեւով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930