Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, շարունակվում է Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ, 1976թ. ծնված Ալիկ Հակոբյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2015թ. հունվարի 4-ին ժամը 22-ի սահմաններում Վերին Ծաղկավան գյուղից դեպի Բերդ քաղաք տանող ճանապարհին, գյուղից շուրջ 1 կմ հեռավորությամբ, հանդիպել է ճամփեզրով քայլող, իրեն անծանոթ, Բերդ քաղաքի բնակիչ, 1966թ. ծնված Վիկտոր Օրդյանին:
Ա. Հակոբյանը Օրդյանի կողմից իրենից խուսափելու, անհասկանալի լեզվով խոսելու, ինչպես նաեւ աջ ձեռքը ծոցագրպանից դուրս բերելու հանգամանքներից կարծելով, որ նա Ադրբեջանի քաղաքացի է եւ ցանկանում է ծոցագրպանից զենք հանել, իր մոտ գտնվող որսորդական հրացանով դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով կրակել է Օրդյանի վրա, որի հետեւանքով նա ստացել է հրազենային վնասվածք:
Նախկինում չդատված Ալիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով(«Սպանության փորձը»), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս հոդվածը նախատեսում է 8-15 տարի ազատազրկում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ