Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարվեստորեն շարադրված բողոքներ՝ Գուսանագյուղ հյուրընկալված գյուղնախարարին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Սեպտեմբեր 15,2015 20:50

Այսօր Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Գուսանագյուղ համայնքում «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրով բացվեց նոր ջրագիծ, որի կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին ու համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին:

Այս գյուղի համար կառուցվել էր 3700 մետր ջրագիծ, 2 խմոցներ , կատարվել է շուրջ 130 մլն 500 հազար դրամի ներդրում:Նախարարը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ Գուսանագյուղը Հայաստանի 91-րդ, իսկ Շիրակի մարզի 18-րդ համայնքն է, որտեղ իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագիրը: «Հիմնական նպատակն է անասնապահության զարգացումը լեռնային այն համայնքներում, որտեղ ապրուստի հիմնական միջոցն անասնապահությունն է: Այս ծրագրով վերջին հինգ տարիների ընթացքում կարողացանք բավականին խնդիրներ լուծել եւ լեռնային 1 միլիոն 50 հազար հեկտար արոտավայրերից կարելի է ասել ջրարփիացել է 200 հազար հեկտարը, եւ այդ թիվը պետք է հասնի 400 հազարի մինչեւ 2019 թվականը», ասաց գյուղնախարարը:

Ըստ նրա, անասնագլխաքանակի ավելացումից ու մթերատվության բարձրացումից բացի, իրենք նպատակ ունեն լուծել նաեւ ապրանքի շուկայի հանման ու որակի կարգավորման, փոքր արտադրամասերի ստեղծման հարցը, որոնք պետք է նպաստեն վերամշակման ճյուղի զարգացմանը՝ կաթի արտադրության, պանրի, պտուղբանջարեղենի ու մսի վերամշակմանը: Ըստ նախարարի, այս ծրագրի շնորհիվ անասնագլխաքանակը ավելացել է, միայն 7 ամիսների ընթացքում խոշոր եղջերավորների գլխաքանակը 3,6 տոկոսով է ավելացել, մանր եղջերավոր կենդանիներինը՝ 7,2 տոկոսով: Լրագրողների հարցին, թե մի կողմից կովերի մթերատվությունն եք բարձրացնում, բայց մյուս կողմից էլ՝ կաթի մթերման խնդիրը չի լուծվում, կոնկրետ Շիրակի մարզում չկա մեխանիզմ գնային կտրուկ տատանումները կարգավորելու համար, նախարարը նշեց, որ այս տարի այդ խնդիրը կար ամբողջ աշխարհում:

IMG_0174 IMG_0194 IMG_0198 IMG_0179 IMG_0196

«Դա համաշխարհային գլոբալ խնդիր էր, եւ պարենային կարեւորագույն ապրանքների գները 25-30 տոկոսով իջան: Եթե դուք ուսումնասիրեք հատկապես կաթի շուկան, բորսաներում կաթի գինը կտրուկ ընկավ եւ դա ոչ միայն մեր երկրի առումով էր խնդիր, այլ նաեւ եվրոպական երկրներում, Ամերիկայում այդ խնդիրը լուրջ արտահայտվեց: Առաջիկայում արդեն սկսել է կաթի գինը բարձրանալ, որը շատ լավ է, եւ ընդհանրապես մեր երկրում կաթի գինը սեզոնային բնույթ ունի.ամառվա ամիսներին գինը կապված ծավալների ավելացման, յուղայնության իջեցման հետ իջնում է, իսկ ձմռան ամիսներին՝ հակառակը: Հիմա արդեն սկսել է բարձրանալ. 20 դրամով բարձրացել է եւ առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում նորից գինը կկարգավորվի: Ինձ թվում է, սա ժամանակավոր երեւույթ է», -ասաց Սերգո Կարապետյանը:

Նախարարը մասնակցեց նաեւ Գուսանագյուղում Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված խաչի բացման արարողությանը: Գյուղի բնակիչներից մեկը՝ Համլետ Հարությունյանը, ելույթի համար ձայն խնդրելով, սկսեց ներկայացնել գյուղի խնդիրները: Նա դրանք ներկայացրեց գյուղի մեծերի զրույցներից հետաքրքրիր դրվագներ մեջբերելով, բողոքը՝ բանաստեղծության վերածելով: Իհարկե, գյուղնախարարը դրանցից ոչ բոլորի հասցեատերն էր, այդուհանդերձ Գուսանագյուղի բնակիչը հարկ համարեց բարձրաձայնել, քանի որ Շիրակի մարզպետը եւս այնտեղ էր:

Համլետ Հարությունյանը նշեց, որ իրենց գյուղը տեղանքը թագավորանիստ քաղաք է եղել, այդ մասին են վկայում Շահի բլուր կոչվող բերդի ավերակները Թորոս Թորոմանյանի պեղումները: Նա խնդրեց պեղումներ սկսել Գուսանագյուղում, քանի որ Թորոս Թորոմանյանից հետո պեղումներ չեն կատարվել գյուղում, մինչդեռ որտեղ փորում ես, մի պատմական փաստ է հայտնաբերվում: Համլետ Հարությունյանը առաջ քաշեց գյուղի հողերը ջրովի դարձնելու ու նաեւ հակակարկտային կայաններ տեղադրելու հարցը: «Անձրեւ շատ հազվադեպ է գալիս, որ գալիս է, կարկուտ է գալիս ու ամեն սարի մեծ վնաս է տալիս, մինչդեռ ոչ մի հակակարտային կայան այսօրվա դրությամբ մեր գյուղում տեղադրված չէ, մենք էլ ներդրում կանենք»: Հաջորդ խնդրանք այն էր, որ գների հարցով նախարարը օգներ գյուղացուն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930