Հատուկ քննչական ծառայության ծանրաբեռնվածությունը 3 տարում 4 անգամ ավելացել է
Հատուկ քննչական ծառայությանը 16.5 միլիոն դրամն ու 7 քննիչն են պակասում, որպեսզի իրենց բնականոն գործունեությունն ապահովվի: Համենայնդեպս, այսպես է պատճառաբանվում կառավարության ամսի 17-ի նիստին ֆինանսների նախարարության կողմից ներկայացվող նախագծում:
Այդ պակասը լրացնելու համար ծառայությանն օգնության է հասնում ֆինանսների նախարարությունը, որն էլ առաջարկում է հատկացնել 16.5 միլիոն դրամը ծառայությանը:
Ըստ ֆիննախի, «Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննչական գործունեության ծանրաբեռնվածությունից ելնելով անհրաժեշտություն է առաջանում հաստիքացուցակի հաստիքների ավելացման, որն ուղղված պետք է լինի քննիչների աննախադեպ ծանրաբեռնվածությունը թեթեւացնելուն, որը միարժեքորեն կնպաստի առկա լարվածության նվազեցմանը, հետեւաբար նաեւ քննության որակի բարձրացմանը, ինչպես նաեւ կբացառի ծանրաբեռնվածության պատճառով ծառայության որակյալ կադրերի հնարավոր հեռանալը: Կատարված վերլուծության եւ հաշվարկի արդյունքում պարզվել է, որ ծառայության հաստիքակազմը անհրաժեշտ է ավելացնել եւս 7 ՀԿԳ ավագ քննիչների հաստիքներով: Պարզ է, որ հաստիքակազմի ավելացումը պահանջում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որպիսիք ծառայությունը չունի»:
Կարդացեք նաև
Ֆիննախը նախագծում նշում է, որ ՀՔԾ-ում 2012 թվականից մինչ օրս գրանցվել է ծառայության քննիչների ծանրաբեռնվածության աննախադեպ աճ՝ նշված թվականի համեմատ՝ 4 անգամ, 2014-ի 1-ին կիսամյակի ընթացքում քննված գործերի համեմատ 2015-ի նույն ժամանակահատվածում քննված գործերի քանակն աճել է 76.7%-ով: 2015-ի 1-ին կիսամյակի ընթացքում նախապատրաստվել են 203 քրեական գործերի նյութեր, քննարկվել եւ ընթացք է տրվել 800 դիմումների: Ընդ որում` գործերն այնքան շատ են, ըստ ֆիննախի, որ քննիչները ստիպված են աշխատել նվազագույնը շաբաթական 6 օր` առավոտյան ժամը 9:00-ից մինչեւ երեկոյան 21:00 եւ ավել:
«Քննչական աշխատանքների արդյունավետությունն ապահովելու, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված ժամկետները չխախտելու համար ծառայության քննիչները աշխատանքի են ներկայանում նույնիսկ տոն օրերին: Վերը քննարկված արտաժամյա աշխատանքի համար ծառայության քննիչները լրացուցիչ չեն վարձատրվում: Ուստի 7 հաստիքային միավորով ավելացումը հնարավորություն կտա իջեցնել մյուս քննիչների ծանրաբեռնվածությունը եւ բավարար պայմաններ ստեղծել ծատայության բնականոն աշխատանք ապահովելու համար»,-գրված է նախագծում:
Նշենք, որ նախագիծը մշակել է ՀՔԾ-ն, ու փաստորեն ծառայությունն անուղղակի հաստատում է, որ մեր երկրում շատացել են օրինախախտ պաշտոնյաները: Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայության գործառույթն է՝ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաեւ ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննության ծառայությունը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ