Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դոն Գրենթհեմն այցելել են «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոն:
ՀՀ վարչապետը և Դոն Գրենթհեմը շրջել են կենտրոնում՝ ծանոթացել նրա գործունեությանը և արդյունքներին: Կառավարության ղեկավարը զրուցել է նաև Հայաստանում գործող մի շարք սկսնակ ընկերությունների (Start-Up) ղեկավարների հետ՝ ծանոթացել նրանց արտադրանքներին, քննարկել սկսնակ ընկերությունների զարգացման հնարավորություններն ու ուղիները: Նշվել է, որ սկսնակ ընկերություններից շատերն իրենց արտադրանքը մշակելիս ներգրավված են եղել «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի կողմից իրականացվող Աքսելերացիայի ծրագրին, կենտրոնի աջակցությամբ կարողացել վերջնական տեսքի բերել իրենց արտադրանքը և ներգրավել ներդրողների: Աքսելերացիայի ծրագրի շրջանակում կենտրոնն աջակցություն է ցուցաբերել 100-ից ավելի սկսնակ ընկերությունների, որոնք իրենց արտադրանքների մշակման համար կարողացել են ներգրավել 1,5 մլն դոլարի ներդրումներ: Տեղեկացվել է, որ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի կազմակերպմամբ անցկացված Seedstars Yerevan 2014–ում հաղթող դարձած Solo Learn թիմը Շվեյցարիայի Ժնև քաղաքում անցկացված Seedstars մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը և ստացել մեծածավալ ֆինանսավորում:
Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է նաև կենտրոնում ընթացող պրակտիկայի ծրագրին, որն իրականացվում է «Պրաեմիում» ավստրալական ընկերության հետ: Ծրագրի շրջանակում կենտրոնը կրտսեր ծրագրավորողներ է պատրաստում Հայաստանում նոր գրասենյակ բացած համաշխարհային այս ընկերության համար, որի ներկայացուցիչները Հովիկ Աբրահամյանին և Դոն Գրենթեհեմին են ներկայացրել Հայաստանում ՏՏ ընկերություն հիմնելու հեռանկարները և կարևորել կենտրոնի դերը երիտասարդ մասնագետների պատրաստման գործում:
Տեղեկացվել է նաև, որ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնն իր չորսամյա գործունեության ընթացքում վերապատրաստել է ավելի քան 3000 ուսանողների, որոնք ներկայում աշխատում են առաջատար ՏՏ ընկերություններում:
Կարդացեք նաև
Վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի դերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և կարևորել սկսնակ ընկերությունների գործունեությունը՝ ինչպես աշխատատեղերի ստեղծման, այնպես էլ նորարական լուծումներ ստեղծելու տեսանկյունից: Վարչապետը նշել է, որ ՀՀ-ում ՏՏ ոլորտն ունի զարգացման մեծ ներուժ և կառավարությունը պատրաստ է քննարկել ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին օժանդակություն ցուցաբերելու յուրաքանչյուր ողջամիտ առաջարկ: Վարչապետը հիշեցրել է նաև, որ գործադիրը ՏՏ ոլորտում ստեղծվող ընկերություններին տրամադրում է հարկային արտոնություններ:
ՀՀ կառավարություն