«Սահմանադրական փոփոխությունների կողմնակից է ՀՀ խորհրդարանական ուժերի գերակշիռ մեծամասնությունը: Եվ միայն 2-3 անուն, ես լուրջ կասկածներ ունեմ, թե այդ անունների հետեւում քանիսն է կանգնած, միայն 2-3 անուն որոշակի պատվերի, որոշակի հանձնարարությամբ այստեղ փորձեցին ներկայացում սարքել: Բարեբախտաբար չհաջողվեց: Բոլոր այս կարգի թատրոնները համապատասխան գնահատական պետք է ստանան»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին այսպիսի դիտարկում արեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ Սահմանադրական փոփոխությունների շուրջ ԱԺ նիստում քննարկման հետ կապված:
Նա կոչ արեց ընդդիմությանը բացասական էներգետիկան թողնել դրսում. «Երեք տարի է՝ ասում եմ այս մասին, հիմա նորից կրկնում եմ: Եկեք մասնակցեք քննարկումներին, ասեք՝ ինչին եք կողմ, ինչին եք դեմ: Այնպիսի տպավորություն ստացա, որ այսօրվա գործող Սահմանադրությամբ «դեմ» քաղաքական ուժերը հիացած են եւ այստեղ հռետորիկ հարցեր են տալիս: Մենք հո բոլորս գիտենք ինչ մտայնություն կա՝ որոշ կուսակցությունների ղեկավարների մանկության կապույտ երազանքն է եղել դառնալ ՀՀ նախագահ եւ հասկանում են, որ փոփոխված Սահմանադրությամբ չեն կարող դառնալ նախագահ՝ գործող Սահմանադրության լիազորություններով: Իրենց սրտացավությունը գալիս է նրանից, որ հասկանում են՝ որոշ գործիչների կենսագրության մեջ դրվում է վերջակետ: Այս վերջակետն է անհանգստացնում»:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց էր հնչեցրել՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը տեսականորեն չի կարող երկրի թիվ մեկ դեմքը լինել փոփոխվող Սահմանադրությամբ, ի՞նչ պաշտոն նա կարող է ունենալ: Մարգարիտ Եսայանը արձագանքեց. «Իսկ ինչո՞ւ չի կարող, ո՞ր մեկդ եք Սերժ Սարգսյանից ավելի լավը: Մի հատ նայեք Սերժ Սարգսյանի կենսագրությունը՝ Ղարաբաղից սկսած՝ Հայաստանով վերջացրած: Ինչո՞ւ պիտի այդպիսի հարուստ կենսագրությունով պետական քաղաքական գործիչը իր պաշտոնավարումից հետո գնա նստի իր տանը: Նրա պաշտոնում Սերժ Սարգսյանի դերակատարությունը շատ կարեւոր ՝ ՀՀ-ի համար: Դրանից ոչ թե պետք է վախենալ, պիտի ուղղակի հպարտանալ: Եկեք քննարկեք, չեք կարողանում, տատս ասում էր՝ մի ոչ-ը հազար ցավից է ազատում: Հիմա դուք ոչ եք ասում ու ոչ մի բան չեք անում: Դուք ձեր շուրջը բացասական աուրա եք ստեղծում, թարգը տվեք, եկեք գործ արեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Պետական քաղաքական գործիչ որակավորումը Սերժ Սարգսյանի համար չափազանց ամպագորգոռ ա հնչում: Ես որպես ՀՀ շարքային` անկուսակցական քաղաքացի միանշանակ դեմ եմ քվեարկելու մի քանի պատճառներով: Անձամբ պառլամենտարիզմի կողմնակից եմ, բայց տվյալ պարագայում ծայրաստիճան մեծ անվստահություն ունեմ ՀՀԿ-ի հանդեպ ի դեմ իր պարագլուխ Սերժ Սարգսյանի: Ինքը չափազանց թույլ անձնավորություն ա, ինքը չի կարա ՀՀ-ն հանի ներկայիս ողորմելի վիճակից, ինչէան էլ որ սահմանադրություններ չփոխի: Սա ուղակի ՀՀԿ-ի իշխանությունը հավերժացնելու քայլ ա: Բայց իշխող “էլիտան” պատմություն լավ չի սերտել դպրոցում. ոչ մի իշխանություն հավերժ չի տևում: Նույնիսկ ամենաբռնակալական ռեժիմները տապալվում են: Իսկ ռեսեուրսազուրկ ու օր օրի աղքատացող և դատարկվող Հայաստանում ՀՀԿ-ի ապագան իսկապես մշուշոտ ա: