Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ հակամարտությունը պետք է հանգուցալուծվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ. ԱԺ փոխնախագահ

Սեպտեմբեր 15,2015 18:20

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Հարգելի խորհրդարան,

Քաղաքական աշունը մտել է իր իրավունքների մեջ: Քաղաքական օրակարգի հիմնական հարցերը սահմանադրական բարեփոխումների փաթեթի քննարկումներն են, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների փաթեթի քննարկմանը՝ պետք է արձանագրել, որ քաղաքական ուժերի մեծամասնությունն ակտիվ մասնակցում է դրանց: Այսինքն՝ քաղաքական կոնսոլիդացիան այլեւս փաստ է: Ուշագրավ է, որ քննարկումներին մասնակցել են ոչ միայն քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այլեւ հասարակական լայն շրջանակներ, ինչը բնորոշ է մայր օրենքի քննարկմանը: Բնականաբար, եթե կան կողմնակիցներ, կլինեն նաեւ ընդդիմախոսներ: Այնուհանդերձ, տարակուսելի է, որ ընդդիմախոսների մեծ մասը գրեթե որեւէ բովանդակային հակափաստարկ չի ներկայացնում եւ փաստաթուղթը քննադատելու փոխարեն հանդես է գալիս իշխանափոխության կոչերով: Հարկ է նշել, որ բոլոր ժողովրդավարական երկրներում իշխանափոխության հասնում են ընտրությունների միջոցով: Մինչդեռ կիրակի մեր երկրի մի շարք համայնքներում կայացած ընտրություններում ընդդիմությունը մրցակցային թեկնածուներ չունենալու պատճառով չմասնակցեց դրանց: Կարծում եմ՝ այս փաստը պետք է մտահոգի նախ եւ առաջ  ընդդիմությանը:

Հարգելի գործընկերներ,

Ադրբեջանը, մերժելով բանակցային գործընթացում առկա սկզբունքները եւ համանախագահ երկրների կոչերը, ամռան ընթացքում շարունակեց ապակայունացնել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Նման վարքագիծը անթույլատրելի է եւ դատապարտելի: Ավելին՝ այն պետք է արժանանա հասցեական քննադատության միջազգային հանրության կողմից: Այսօր Դուշանբեում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակներում Հանրապետության Նախագահը նշել է. «Ադրբեջանական կողմի` իրավիճակը սրելու փորձերը միջազգային հանրության կողմից ադեկվատ արձագանքի բացակայության պայմաններում հղի են ողջ տարածաշրջանը ապակայունացնելու վտանգներով»: Բանակցությունները փակուղի տանելու Ադրբեջանի բոլոր ջանքերը ենթակա են դատապարտման: ԼՂ հակամարտությունը պետք է հանգուցալուծվի բացառապես խաղաղ ճանապարհով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ:

Մինչ Ադրբեջանի իշխանություններն ապակայունացման փորձեր են կատարում, Արցախի ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքն է իր ճակատագրի դարբինը: Դրա վառ ապացույցն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն էին, որոնք վերահաստատեցին Արցախի ինքնիշխան եւ ժողովրդավարական լինելու փաստը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930