Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր չէ Կռազի շարժիչը դնել Զապորոժեցի վրա, կամ Բելառուս տրակտորի վրա հարմարեցնել Ժիգուլու անիվներ»

Սեպտեմբեր 15,2015 18:02

«Մեքենան, ինչքան էլ ուզում է լավ շարժիչ ունենալ, հուսալի եւ ամուր թափ, պրոֆեսիոնալ վարորդ, եթե անիվների բալանսավորում չարվի, այն էլ՝ գրամների ճշտությամբ, ապա այն չի գործի եւ շատ արագ կքանդվի: Ինչ էլ ուզենանք անել, միեւնույն է, հնարավոր չէ Կռազի շարժիչը դնել Զապորոժեցի վրա, կամ Բելառուս տրակտորի վրա հարմարեցնել ժիգուլու անիվներ: Վստահ եմ, դա անհեռանկարային եւ անհույս փորձ է՝ դատապարտված քայքայման»,- ԱԺ հայտարարությունների ժամին ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսպիսի համեմատություն արեց՝ խոսելով Սահմանադրության փոփոխությունների մասին:

Ըստ նրա, գործող Սահմանադրությունը չէ պատճառը, որ ՀՀ-ում գործազրկությունն ու արտագաղթն աճում է, անհավասար մրցակցության զոհ է դառնում փոքր ու միջին բիզնեսը, քրեածին իրավիճակ է, ամենաթողություն, օրը ցերեկով մարդիկ իրար են գնդակահարում:

Հովհաննես Մարգարյանն ասաց, որ «Սահմանադրական փոփոխություններով փորձ է արվում միջազգային պրակտիկայում իր նախադեպը չունեցող լիազորություններ տալ վարչապետին, իսկ նախագահին զրկել գրեթե բոլոր լիազորություններից՝ արդյունքում ստանալով գերլիազորություններով օժտված վարչապետ եւ վարչապետի որոշումները ստորագրող, շառից ու փորձանքից հեռու նախագահ, ինչն անթույլատրելի է, իսկ պատերազմող երկրի համար՝ վտանգավոր ու կործանարար: Նման բարեփոխումներով կառավարության անվտանգության ինժեներն այդ բնագավառում ավելի շատ լիազորություններ է ունենալու, քան երկրի նախագահը՝ որպես պետության գլուխ»:

ՀՀԿ-ական Կարեն Ավագյանն էլ, ամենայն հականականությամբ հակադարձելով ՕԵԿ-ականներին, ասաց. «Այստեղ դահլիճում մարդիկ կան, ովքեր մտածում են, որ քաղաքական շեշտադրումները փոխելով՝ կարող են ընդդիմադիիր դառնալ: Ասեմ, որ դա խաբկանք է: Կրկնակի խաբկանք է, եթե փորձում են առեւտուր անել մեզ հետ»:

ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանն էլ ընդդիմությանը մեղադրեց իրավիճակին մշտապես ոչ համարժեք լինելու մեջ. «Այս անգամ նրանք գերազանցել են անհամարժեքության իրենց իսկ սահմանած ռեկորդը: Նրանք նախ պնդում էին, որ Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահ է պատրաստվում լինել, վարչապետ կամ նախագահ, հետո երբ նախագահը հայտարարեց, որ չի հավակնում այդ պաշտոններին, խոսեցին կուսակցապետության մասին՝ Կոմունիստական կուսակցության օրինակով: Իրենք արձանագրում են, որ ՀՀԿ-ն այնքան հզոր է, որ անվերապահորեն հաղթելու է, խոստովանում են սեփական անզորությունը եւ կապիտուլյացիայի մասին»:

ՀՀԿ պատգամավոր Կարինե Պողոսյանն էլ ափսոսանք հայտնեց, որ ընդդիմությունը մշտապես քննադատում է իշխանության ցանկացած նախաձեռնություն եւ ընդդիմադիր գործընկերներին կոչ արեց անտեղի կրքեր բորբոքելու փոխարեն ճիշտ գնահատել Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930