Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի «հորս արեւը» չի աշխատում, ասում է մի բան, հետո չի անում». Արամ Մանուկյան

Սեպտեմբեր 15,2015 17:42

ԱԺ նիստում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նախագիծը ներկայացնող սահմանադրագետ Վարդան Պողոսյանից հետաքրքրվեց. «Դուք ասում եք, որ սա փոփոխություն է, ոչ թե նոր Սահմանադրություն, մինչդեռ մենք հակառակն ենք պնդում, որովհետեւ պետական համակարգի բոլոր օղակները նոր փուլ են մտնում: Ի՞նչն է պատճառը, որ չեք համարում նոր Սահմանադրություն, երբ գործող Սահմանադրության ծավալը 2 անգամ ավելի քիչ է, քան ձեր փոփոխությունը, կոնցեպցիան ամբողջապես նոր է, չի կարող փոփոխությունը 2 անգամ ավելի լինել, քան այն, ինչ փոխվում է»:

Վարդան Պողոսյանը պատասխանեց. «Իսկապես, շատ մեծ փոփոխություններ են առաջարկվում, բայց դա չի նշանակում, որ անպայման խոսքը պետք է գնա նոր Սահմանադրության մասին: Նոր Սահմանադրություն նշանակում է պետական համակարգի ամբողջովին փոփոխություն, ոչ թե կառավարման համակարգի: Եթե այդ տեսանկյունից ենք նայում նախագծին, որեւէ փոփոխություն ինքնիշխանության, պետական համակարգի չի կատարվել: Առաջին եւ երկրորդ հոդվածները մնացել են այնպես, ինչպես գործող Սահմանադրությունում է, պետության նպատակները, իղձերը, որոնք սահմանված են գործող Սահմանադրության նախաբանում, որեւէ փոփոխության չեն ենթարկվել: Որոշ երկրներում, ասենք՝ Ֆրանսիայում, կառավարման ձեւի փոփոխությունները համարվել են նոր Սահմանադրություն: Բայց դա անհրաժեշտ չէ, փոփոխությունների ծավալն էլ չի կարող չափանիշ հանդիսանալ փոփոխությունները նոր Սահմանադրություն անվանել»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի երկարաձգմանը եւ իշխանության վերարտադրմանը, Արամ Մանուկյանը հարցրեց՝ տեսականորեն ի՞նչ պաշտոն կարող է զբաղեցնել Սերժ Սարգսյանը նոր Սահմանադրության պարագայում: Վարդան Պողոսյանն ասաց, որ չի կարող տեսականորեն պատասխանել այդ հարցին, որովհետեւ Սահմանադրության նախագիծը չի գրվում որեւէ անձի համար:

Արամ Մանուկյանը հիշեցրեց, որ «Սերժ Սարգսյանը մեկ ամիս առաջ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դիմաց սուբսիդավորման մասին հայտարարություն արեց: Ամբողջ հանրապետությունը սպասում էր աուդիտի արդյունքներին, որովհետեւ երկրի թիվ 1 դեմքը հայտարարել էր, որ սուբսիդավորելու է ամբողջ թանկացումը: Անցավ 1 ամիս, նա հերքեց իր ասածը, եւ հիմա սուբսիդավորում է ուրիշ քանակով: Այսինքն, այդ «հորս արեւը» չի աշխատում: Ասում է մի բան, հետո չի անում, ես չեմ հավատում իր խոսքին: Հնարավո՞ր է, որ նա Սահմանադրության փոփոխությունից հետո լինի Հայաստանի թիվ 1 ղեկավարը:

Վարդան Պողոսյանը հորդորեց բացատրել, թե ինչ է հասկանում թիվ 1 քաղաքական ղեկավար ասելով. «ՀՀ նախագահը հայտարարել է, որ պառլամենտական համակարգի անցման պարագայում այդ 3 պաշտոններին չի հավակնում, այլ պաշտոն նախատեսված չէ նախագծով, որի միջոցով հնարավոր է լինել երկրի քաղաքական համար 1 դեմքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930