Սեպտեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Ֆրիեդերիկ Օտտո Բիերվիրթին:
Հանդիպմանը մասնակցում էին «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Լենա Հալաջյանը և ՀՀ ՍՆ աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
Ողջունելով հյուրին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց սիրիական պատերազմի հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ շարունակական համագործակցության համար և ներկայացրեց դրանց լուծման ուղղությամբ պետության և տարբեր համահայկական ու միջազգային կառույցների կողմից իրականացված աշխատանքները:
Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ս/թ մայիսից շուրջ 2500 սիրիահայ է տեղափոխվել Հայաստան: Նախարարություն են դիմում և՛ նոր եկածները, և՛ նախկինում տեղափոխվածները: Նրանք հիմնականում տուն ու տեղ, ունեցվածք կորցրած կարիքավորներ են: Սիրիահայերի համար առաջնային են ժամանակավոր կացարանով ապահովման, բնակվարձերի փոխհատուցման, աշխատանքի տեղավորման, կրթական և առողջապահական խնդիրները: «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնում» սիրիահայ բժիշկները բարեգործական հիմունքներով ամեն շաբաթ իրականացնում են հիվանդների անվճար բուժզննում: Նախարարն առաջարկեց հնարավորություններ ստեղծել և նվիրյալ բժիշկներին խրախուսելու, ապահովել նրանց անհրաժեշտ տարածքով, սարքավորումներով և դեղորայքով:
Կարդացեք նաև
Քրիստոֆ Ֆրիեդերիկ Օտտո Բիերվիրթը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարին ջերմ ընդունելության համար և նշեց, որ մինչև 2015թ. ավարտը UNHCR-ը կշարունակի սիրիահայերի բնակվարձերի փոխհատուցումը և կիրականացնի ձմեռնամուտի ծրագիր:
Կողմերը երկուստեք կարևորեցին և բարձր գնահատեցին Սփյուռքյան և մջազգային կառույցների հետ համագործակցության շարունակականությունը և նոր ծրագրերի իրականացումը:
Քննարկվեցին հետագա համագործակցության հետ կապված այլ հարցեր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ