Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Զգուշացեք ձեր պահանջներից և նպատակներից, որովհետև վտանգ կա, որ դրանք մի օր կատարվեն»

Սեպտեմբեր 15,2015 17:33

Դաշնակցությունը համոզված է, որ նոր սահմանադրական կարգի ընդունումը նոր էջ է բացելու մեր երկրի համընդհանուր զարգացման համար՝ հիմնադրելով ժողովրդի կամքի իրացման նոր, արդիական պետական համակարգ: Այն փոխելու է իրեն սպառած և վարկաբեկած գործող պետական կառավարման ձևը և քաղաքական-իրավական ռեժիմը:

Մենք այս համոզումը ունեցել ենք Հայաստանի անկախացումից ի վեր: Մենք վստահ ենք եղել, որ 91-95թթ. հաստատված սահմանադրաօրենսդրական կարգը հակաժողովրդավարական էր և ունենալու էր այս ծանր հետևանքները: Նախագահի պաշտոնը ներդրված էր արդեն 1991 թվականից, երբ Հայաստանը դեռևս Սահմանադրություն չուներ: Իսկ ինչպես փաստում է մարդկության փորձը, Սահմանադրության և դրա վրա հիմնված օրենսդրության բացակայության պայմաններում ցանկացած երկրում պետական կառավարման նախագահական ձևը անխուսափելիորեն տանում է բռնապետության, ինչում հայ ժողովուրդը ևս համոզվեց իր սեփական փորձով:

1995թ. ընդունված Սահմանադրությունը սոսկ իրավաբանական ուժ և շունչ հաղորդեց արդեն հաստատված հակաժողովրդական ռեժիմին: Դաշնակցությունը այդ օրերին չկարողացավ այդ բոլոր վտանգների մասին մեր ժողովրդին լիարժեք տեղեկացնել և կանխել այդպիսի Սահմանադրության ընդունումը, որովհետև կուսակցության գործունեությունը հանրաքվեից առաջ արգելվեց, իսկ նրա մի մասը՝ բանտարկվեց նույն այդ ռեժիմի կողմից: «Ոչ-ի» համարժեք ճակատ ձևավորելու մասին խոսք անգամ չէր կարող լինել, Էլ ուր մնաց խոսենք այդ Սահմանադրության լեգիտիմության մասին:

Հիմա Դաշնակցությունը, ըստ էության, անում է այն, ինչ չհաջողվեց անել 91-95թթ.: Մեր այսօրվա «այո-ն» ըստ էության մեր հետևողական «ոչ-ն» է 95 թվականի այդ հակաժողովրդական Սահմանադրությանը: Քանզի ակնհայտ է, որ հակաժողովրդավարական իրավաքաղաքական ռեժիմի հիմնադրման պատճառով մեր երկրի շեղումը ժողովրդավարությունից չի կարող վերացվել այլ կերպ, քան նույն այդ ռեժիմը արմատախիլ անելու միջոցով:          Ինձ համար անընդունելի, բայց հասկանալի է, որ այն ռեժիմի ներկայացուցիչները, որ ժամանակին «այո» են ասել 1-ին Սահմանադրությանը, հիմա պիտի «ոչ» ասեն՝ հակառակ դեպքում ստիպված կլինեն ընդունել սեփական ֆիասկոն:

Սակայն, դժվար է ընդունել կամ հասկանալ նրանց, ովքեր բազմիցս հայտարարել և նպատակ են հետապնդել անցնելու խորհրդարանական համակարգի, համամասնական ընտրակարգի և մեծացնելու ընդդիմության դերակատարությունը, հիմա այս ամենին փաստացի դեմ եմ: Դեմ են միայն այն պատճառով, որ նախաձեռնությունը գալիս է նախագահից, ոչ թե իրենցից: Ուրեմն, ժամանակին կամ չեն հասկացել, թե ինչ են պահանջում կամ չեն ենթադրել, որ կարող է իրենց պահանջը բավարարվի:

Ուստի, պարոնայք, զգուշացեք ձեր պահանջներից և նպատակներից, որովհետև վտանգ կա, որ դրանք մի օր կատարվեն:

   15.09.2015թ.  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930