Սեպտեմբերի 15-ին Հայաստանում մեկնարկեցին Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները:
Աշխարհի 4 ծայրերից ժամանած ուխտավորներն այցելեցին Եսայի Յաղուբյանի շիրիմ-հուշարձանին և ծաղիկներ դրեցին մեծ հրամանատարի շիրիմին:
Տեր Մովսես քահանա Ղազարյանը կատարեց հոգեհանգստի արարողություն, որից հետո ելույթ ունեցավ Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի կենտրոնական մարմնի նախագահ Եսայի Հավաթյանը՝ նշելով. «Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են Լիբանանում, և արդեն տեղի է ունեցել հիշատակի 18 արարողություն: Ուրախալի է, որ հայրենի իշխանությունները պետական մակարդակով տևական միջոցառումներով նշելու են Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակը: «Մուսալեռ» հայրենակցական միության միջոցառումները գալիս են լրացնելու կառավարության ծրագիրը: Ուրախալի է նաև, որ Հայրենիքում հերոսամարտի միջոցառումները սկսեցին Եսայի Յաղուբյանի շիրիմին այցելությամբ: Մուսա լեռան հերոսամարտին իր գործուն մասնակցությունը բերելուց հետո Յաղուբյանը 1947թ. ներգաղթեց հայրենիք և այստեղ էլ կնքեց իր մահկանացուն»:
Հիշատակի արարողությանը ներկա էին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը, «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի պատասխանատու Գաբրիել Փանոսյանը, հայրենակցական միության Հայաստանի մասնաճյուղի նախագահ Պերճ Ղազարյանը, ինչպես նաև հայրենակցական միության ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Կանադայից, ԱՄԷ-ից, Լիբանանից և Ավստրալիայից:
ՀՀ սփյուռքի նախարարություն