Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի փոխտնօրենի պաշտոնից, նշանակվել է Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ:
Տ. Գարեգին աբեղա Համբարձումյան
(կենսագրություն)
Հոգեշնորհ Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը ծնվել է 1986 թ. Կապան քաղաքում:
1992-2002 թթ. սովորել է Մոսկվայի թիվ 249, ապա Երևանի թիվ 148 դպրոցներում: Դպրոցական տարիներին հաճախել է նաև Արաբկիրի Հայորդյաց տուն:
2002-2008 թթ. սովորել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
2006 թ. դեկտեմբերի 25-ին, ձեռամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի, ձեռնադրվել է սարկավագ:
2008 թ. ծառայության է անցել Մայր Աթոռի դիվանատանը` նախ որպես Եկեղեցի-պետություն բաժնի գործավար-քարտուղար, ապա որպես նույն բաժնի պատասխանատու:
2008 թ. Գևորգյան հոգևոր ճեմարանում գերազանցությամբ պաշտպանել է ավարտաճառ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնաիրավական փոխհարաբերությունները» թեմայով:
2009 թ. հուլիսի 19-ին, ձեռամբ ԱՄՆ Արևելյան հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Գարեգին աբեղա:
2010-2014 թթ. սովորել է Մեծ Բրիտանիայի Շեֆֆիլդի համալսարանում` միաժամանակ ուսանելով և պարբերաբար դասախոսելով Օքսֆորդի համալսարանում: Ուսումնառության ավարտին ստացել է աստվածաբանության դոկտորի (PhD) աստիճան:
Ուսման տարիներին որպես այցելու հոգևոր հովիվ իր ծառայությունն է բերել Լոնդոնի Ս. Եղիշե և Մանչեսթրի Ս. Երրորդություն հայկական եկեղեցիներում, ինչպես նաև հիմնել է Օքսֆորդի համալսարանական առաքելության ծուխը:
2014 թ. նոյեմբերից, որպես փոխտնօրեն, ծառայության է կոչվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում:
Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին