Լրահոս
Օրվա լրահոսը

Գուսանագյուղի տղաների 50 տոկոսին չի հաջողվում ամուսնանալ, անգամ՝ 35-40 տարեկաններին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 15,2015 17:05

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Գուսանագյուղի բնակիչներ՝ գյուղապետարանի գանձապահ Սմբատ Քամալյանը ու գյուղի նախկին անասնաբույժ Ավետիք Խաչատրյանը ցավով ասացին, որ իրենց գյուղում նվազել է ծնելիությունը: Պատճառը, ըստ նրանց, այն է, որ գյուղի տղաների 50 տոկոսից ավելին սոցիալ-տնտեսական վատ պայմանների պատճառով չեն կարողանում ամուսնանալ:

«Մեր գյուղն էլ, մյուս բոլոր գյուղերի նման խնդիրներ ունի, աշխատատեղեր չկան, ջահելությունը դուրսն է: Գյուղի տղաների 50 տոկոսից ավելին չեն կարողանում ամուսնանալ, որովհետեւ բնակելի տներ չունեն, մի տան մեջ չեն կարողանում տեղավորվել, պիտի նոր տներ սարքեն, որ ապրեն: Գյուղում նույնիսկ 35-40 տարեկան տղաներ կան, որ տուն չունենալու պատճառով չեն կարողանում ամուսնանալ: Եկամուտը միայն դուրսն է, գնում են Ռուսաստան աշխատելու, ռուսական փողի տատանումներ եղան, բերած փողը բանի պետք չէ, չեն կարողանում մի հեկտար, երկուս ցանել, գյուղի ուղիղ 95 տոկոսը վարկի տակ է: Վարկը մի տեղից վերցնում, մյուս տեղը փակվում են: Անձրեւ եկավ, ցորեն կլինի, ջրովի տարածություններ, բոստանաբանջարանոցային կուլտուրաներ չունենք, որ մշակենք: Յոլա ենք գնում անասնապահությամբ, կաթին էլ այնպիսի գին դրեցին, որ երկու լիտր կաթ պիտի ծախես, որ մի շիշ ջերմուկ առնես: Մեկ լիտրը մեզանից 110 դրամի են տանում»,- ասաց Սմբատ Քամալյանը:

2 1 4

Գյուղի նախկին անասնաբույժ Ավետիք Խաչատրյանն էլ շարունակեց. «Ծննդավայրը միշտ էլ թանկ, թեկուզ քար ու կռապաշտ երկիր լինի, բայց որ կա, քեզ համար ծառ ու ծաղիկ է»:

Մեր հարցին՝ ի՞նչ պիտի անի կառավարությունը, որ բոլոր գուսանագյուղցիները ձեզ պես մտածեն, չլքեն հայրենիքը, մեր զրուցակիցն ասաց. «Ջահելությունը Ռուսաստան է գնում, աշխատում, գալիս է, բայց նորից գնում են, կառավարությունը թող աշխատատեղ ստեղծի, գուսաններ տված այս գյուղի կուլտուրայի տունը վերանորոգի, ժամը վերանորոգի, տեսնեմ այստեղից գնացող ջահել կլինի՞»:

Մեր զրուցակիցները նաեւ նեղվեցին, որ իրենց դպրոցում առաջին դասարանցիների թիվը 6 է, իսկ նախորդ տարի եղել է 12: «Ջահելությունը, որ պիտի երեխա ունենա, դրսում է, 60-80 տարեկաննե՞րը պիտի ունենան, նրանք են մնացել գյուղում: Որ միջոցներ լինեն, սաղն էլ կուզենան ամուսնացնել իրենց ջահելին, բայց ցավն էն է, որ նրանք դրսերում են, իսկ գյուղում մահացողների թիվն ավելի շատ է, քան ծնվողների»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930