Անցյալ հանգստյան օրերին կայացավ «Վրաստանի Հայ Համայնք»-ի Երիտասարդական-Ուսանողական Միության անդամների հերթական արշավը: Ինչպես միշտ, այս արշավն էլ ուներ երկու նպատակ` համատեղ անցկացված ակտիվ հանգստի միջոցով ճանաչել Վիրահայության անցյալն ու ներկան: Այս անգամ երիտասարդները շփվեցին Շիդա Քարթլի շրջանի հայկական հետքերի հետ: Վաղ առավոտյան Երիտասարդական-Ուսանողական Միության անդամները շարժվեցին Ուփլիսցիխեի (Գորիի շրջան) ուղղությամբ:
Ինչպես հայտնի է, դեռևս XII դարում վրացի Դավիթ IV Բագրատիոնի թագավորը (ավելի հայտնի` որպես Դավիթ Շինարար) ազատագրել էր Վրաստանի մեծ մասը թուրքերից: Ազատագրելով իր երկրի մասը թուրքական լծից` Դավիթ Շինարարը սկսել է պետական շինարարության քաղաքականություն վարել: Դավիթ թագավորը հիանալի հասկանում էր, որ հայերը կարող են մեծ ներդրում ունենալ վրացական պետության ամրապնդման իր մտահղացման մեջ: Ղեկավարվելով հենց այդ մոտիվներով` Դավիթ Շինարարը սկսեց Վրաստանի տարածքներում հայերի վերաբնակեցումը խրախուսելու քաղաքականություն վարել: Հայ բնակչությանը «թովելու» այդ քաղաքականության շրջանակներում էլ հիմնվեց Գորայի` այսօրվա Գորիի քաղաքը:
Դարերի ընթացքում Գորիի և նրա շրջակայքի հայկական բնակչությունն այնքան մեծացավ, որ 1660 թ.-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Հակոբ I որոշում ընդունեց Գորիում առանձին Թեմ հիմնել: Նոր Թեմի կենտրոնը դարձավ Սուրբ Նշանի քարանձավային վանքը, որը գտնվում է Քուռ գետի ափին, աշխարհահռչակ Ուփլիսցիխե ժայռափոր քաղաքին դեմ դիմաց:
Հնագույն քարանձավային վանք Սուրբ Նշանի և գետի հակառակ ափին տեղակայված Ուփլիսցիխե ժայռափոր քաղաքի այցելությունն էլ դարձավ հայ երիտասարդների կազմակերպած արշավի նպատակը:
Հարգելի ընթերցողին ներկայացնում ենք «Միություն» խմբագրության կարճ զրույցը արշավի մասնակիցներից մեկի` ուսանողուհի Էվելինա Մալխասյանի հետ:
Ի՞նչ նպատակով էր կազմակերպվել այս արշավը:
-Մեր հիմնական նպատակն էր հանգստանալ, անցկացնել ամառային եղանակի վերջին արշավը: Գիտեք, Վրաստանում շատ գեղեցիկ վայրեր կան, և ինչքան էլ զարմանալի է, գրեթե ամեն տեղ կարելի է գտնել հայկական ներկայության հետքեր: Այս անգամ մենք որոշեցինք գնալ Ուփլիսցիխե: Սա քաղաքից այնքան էլ հեռու չէ, իսկ շրջանի պատմությունը տպավորիչ է, ինչպես իր անցյալով, այնպես էլ ներկայով:
Նախկինում այնտեղ ապրել են շատ հայեր: Շատ-շատ: Բայց այսօր Գորիում և մոտակա գյուղերում հայեր գրեթե չկան: Գորի շրջանի հայերի մեծամասնությունն իրենց այսօր վրացիներ են համարում… Անհասկանալի է, թե ինչպես է հնարավոր, որ մի ամբողջ շրջանի բնակչություն երես դարձնի իր արմատներից և վերցնի նորը…
Հասնելով Գորի` մենք սկսեցինք արշավը դեպի Քվախվրելի գյուղ: Հենց այդ գյուղում էլ սարի վրա գտնվում է Սուրբ Նշանի վանքը: Ես տեսել էի այդ վանքի նկարները, շատ էի լսել նրա մասին… Այնտեղ` ժայռափոր պատերի վրա, կային բազմաթիվ խաչքարեր… Չգիտեմ` այն երբ է կառուցվել, բայց այն նկարները, որոնք ես տեսել էի, ինձ վրա տպավորություն էին գործել և ես անհամբերությամբ սպասում էի, թե երբ ես իմ աչքերով կտեսնեմ այդ գեղեցկությունը:
Եվ ահա մենք հասանք մինչ վանքը, բայց մեզ հիասթափություն էր սպասվում: Քարանձավի մուտքի մոտ տեղադրված էր երկաթյա դուռ փակված կողպեքով… Միակ բանը, որ մենք կարողացանք տեսնել, դա քարանձավներից վեր հառնող գմբեթն էր… Ներս նայելով փոքրիկ պատուհաններից` ես տեսա կենտրոնական տաճարը: Այնտեղ ամենուր կախված էին վրացական սրբապատկերներ: Մեզ այդպես էլ չհաջողվեց մտնել քարանձավ: Մուտքը մեզ համար փակ էր…
Իսկ դուք ցանկություն չունեցա՞ք հանելու կողպեքը: Չէ՞ որ դուք գնացել էիք վանքը նայելու…
-Անկեղծ ասած` մտնելու ցանկությունը շատ մեծ էր, բայց մենք վանդալներ հո՞ չենք, որպեսզի կոտրեինք կողպեքը… Հասկանալի չէ, թե ինչու են նրանք կողպել քարանձավի մուտքը: Այնպիսի տպավորություն է, որ նա, ով կողպեք է դրել, ինչ-որ բան է թաքցնում… Հակառակ դեպքում` ինչո՞ւ քրիստոնեական երկրում կիրակի օրով կողպել եկեղեցին:
Արդյունքում մենք մի քիչ քայլեցինք սարերով, ուսումնասիրեցինք այն ինչ արգելված չէր տեսնել և շարժվեցինք դեպի ժայռափոր քաղաք Ուփլիսցիխե: Վանքի մոտ մենք հանդիպեցինք մի քանի տեղի բնակիչների: Նրանք առաջվա պես անվանում են քարանձավային վանքը Սուրբ Նշան… Բայց ի՞նչ օգուտ դրանից: Նրանց նախնիները աղոթել են այդ վանքում, իսկ այսօր այդ մարդիկ նվազագույնը առանց միջամտելու նայում են, թե ինչպես է այդ վանքը կերպարանափոխվում, դառնում ուրիշ:
Մենք ապրում ենք Վրաստանում, և, բնականաբար, վրացական մշակույթին մեր վերաբերմունքը շատ հանդուրժողական է: Միակ բանը, որ ես չեմ կարող հասկանալ` մինչև ե՞րբ պետք է շարունակվի այս իրավիճակը: Ինչո՞ւ փորձել վերցնել այն, ինչը քոնը չէ: Եթե քարանձավային վանքում կամ եկեղեցում լինեն հայկական խաչքարեր, մի՞թե դա կփոխի տվյալ վայրի սրբությունը: Մի՞թե խաչի աստվածային ուժը կախված է նրանից` հայկական է այն, թե վրացական: …
Սուրբ Նշանից հետո մենք այցելեցինք Ուփլիսցիխե ժայռափոր քաղաքը: Շատ հետաքրքիր էր ուսումնասիրել հնագույն ժայռափոր քաղաքը…Ընդհանուր առմամբ, արշավը, ինչպես միշտ շատ հետաքրքիր անցավ: Ճանաչողական և ուրախ: Ուփլիսցիխեից հետո մենք իջանք Քուռի մոտ և այնտեղ անցկացրինք օրվա մնացած մասը: Դուրս եկանք ուշ: Թբիլիսիի ճանապարհին որոշեցինք փոքր-ինչ երկարացնել համատեղ ուղևորության հաճույքը: Մենք մտանք Վրաստանի հնագույն մայրաքաղաք Մցխեթա, զբոսնեցինք այնտեղ… Տուն վերադարձանք ուշ…
Յուրաքանչյուրն իր տպավորություններով: