«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունները հանդես են գալիս հօգուտ համաշխարհային քաղաքականության միասնական օրակարգի եւ իրենց ներդրումն են կատարում գոյություն ունեցող հակասությունների եւ հակամարտությունների բացառապես խաղաղ, քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով լուծման գործում»,- այս մասին գրված է ՀԱՊԿ անդամ երկրների այսօր ընդունված հայտարարությունում։
ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները նշել են, որ կարեւորում են բոլորի համար հավասար եւ անբաժանելի անվտանգության ապահովումը եւ միջազգային կայունությանը սատարումը. «ՀԱՊԿ անդամները պատրաստ են օգտագործել գոյություն ունեցող մեխանիզմները, որպեսզի լուծվեն սպառազինությունների վերահսկման հետ կապված հրատապ խնդիրները»։
Նրանք նաեւ խիստ անհանգստություն են հայտնել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող սահմաններին տիրող իրավիճակի, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորված չլինելու, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվացման, Աֆղանստանի տարածքը աշխարհի ամենամեծ թմրանյութի արտադրության վայրը դառնալու առնչությամբ։
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ