Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիր է, թե ինչպես երիտասարդներին ներգրավենք մեր ընդհանուր գիտական աշխատանքներում». գիտնական

Սեպտեմբեր 15,2015 14:46

«Քիմիայի՝ որպես գիտության նկատմամբ հետաքրքրությունը ոչ թե ամբողջ աշխարհում է նվազել, այլ Հայաստանում: Այսինքն՝ այնտեղ, որտեղ դեռ հնարավորություններ չկան դրա հետագա զարգացման համար»,- ասում է Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կնյազյանը՝ ընդգծելով, որ դե´ռ չկա. «Ես լավատես եմ և չեմ կարծում, որ դա այդպես էլ կմնա: Մի օր լույսը կբացվի նաև քիմիայի առաջ, և կգա ժամանակ, որ քիմիան նորից իր թևերը կփռի Հայաստանի վրա: Մենք կունենանք հզոր քիմիա ու քիմիական արդյունաբերություն, ինչպես տարիներ առաջ էր, երբ Հայաստանի քիմիկոսներն ու քիմիական արդյունաբերությունն առաջիններից էին Խորհրդային Միությունում»:

Նիկոլայ Կնյազյանը վստահեցնում է, որ, ընդհանուր առմամբ, այդ ներուժը, հնարավորությունը կա. «Այսինքն՝ մենք կարող ենք մեր նախկին ֆունդամենտի վրա շարունակել վերնաշենքը: Այստեղ խնդիր է, թե ինչպես պետք է հայ երիտասարդներին ներգրավենք մեր ընդհանուր գիտական աշխատանքներում: Ինչ խոսք, երիտասարդների հոսքը հիմա փոքրացել է, բայց չի վերացել, և կարևորն այդ կապը չկտրելն է»,- ասում է Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենը:

Քիմիայի նկատմամբ չմարած հետաքրքրության ապացույցներից մեկն էլ, ըստ Ն. Կնյազյանի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր մեկնարկած «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» 4-րդ միջազգային գիտաժողովի անցկացումն է:

Գիտաժողովին մասնակցում են շուրջ 150 գիտնականներ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղազախստանից և այլ երկրներից:

 

'IV International Conference on Chemistry and Chemical Technology' took place at the RA NAS

‘IV International Conference on Chemistry and Chemical Technology’ took place at the RA NAS

Ն. Կնյազյանի փոխանցմամբ՝ գիտաժողովի մասնակիցները ներկայացնելու են քիմիայի և քիմիական տոխնոլոգիաների զարգացման նոր ուղղություններ անօրգանական նյութերի սինթեզի, ոչ մետաղական հումքի, մետաղական հանքատեսակների և արտադրական թափոնների համալիր վերամշակման տեխնոլոգիաների բնագավառներում: Նրանք կանդրադառնան նաև նանոկոմպոզիտային, գերկարծր, հատուկ մաքրության, ապակեկերպ, ապակեբյուրեղային, կոմպլեքսային միացությունների, ինչպես նաև քիմիական արտադրությունների և շրջապատող միջավայրի էկոլոգիական խնդիրներին:

«Այս գիտաժողովը հնարավորություն է տալիս գտնելու ժամանակակից այն ուղղությունները, որոնք անհրաժեշտ են քիմիայի և քիմիական տոխնոլոգիաների զարգացման համար: Ես հույս ունեմ նաև, որ գիտաժողովն այլ ինստիտուտների հետ նոր համագործակցությունների ուղի կբացի»,- ասաց Ն. Կնյազյանը:

Հավելենք, որ գիտաժողովն իր աշխատանքը կշարունակի մինչև սեպտեմբերի 18-ը: Այդ ընթացքում կկայանա նաև երիտասարդ գիտնականների հանդիպումը Արցախի գիտական կենտրոնի երիտասարդ գիտնականների հետ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930