Սույն թվականի սեպտեմբերի 16-ին` ժամը 15:30-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ) տեղի կունենա ՀՀ ԳԱԱ «Աստղաֆիզիկա» միջազգային հանդեսի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ: Միջոցառմանը հրավիրված են ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակադեմիական հանդեսների խմբագիրներ:
Զեկույցով հանդես կգա հանդեսի գլխավոր խմբագիր Դավիթ Սեդրակյանը: Այնուհետեւ տեղի կունենա հանդեսի աշխատանքային կայքի շնորհանդեսը:
«Աստղաֆիզիկա» հանդեսը հիմնադրվել է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի կողմից 1965թ.: Այն կարճ ժամանակում դարձել աստղաֆիզիկայի բնագավառում հայտնի հանդեսներից մեկը: Հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամներ են եղել հայտնի գիտնականներ: Հիսուն տարվա ընթացքում հանդեսն ունեցել է երեք գլխավոր խմբագիր՝ ակադեմիկոսներ Վիկտոր Համբարձումյանը (1965-1988), Լյուդվիկ Միրզոյանը (1988-1999) և Դավիթ Սեդրակյանը (2000-): Հանդեսն օրիգինալ հոդվածներ է տպագրում աստղաֆիզիկայի բնագավառում: Հանդեսի բոլոր համարները «Springer» հրատարակչությունը թարգմանում և տպագրում է անգլերեն: Ներկայումս հանդեսի միջազգայնորեն ընդունված ազդեցության գործակիցը 0.707 է, որն ամենաբարձրն է Հայաստանի գիտական հանդեսների մեջ:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն