Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ նիստը , եւ ինչպես սպասվում էր, սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ ՀԱԿ-ի եւ Ժառանգության պատգամավորներն իրենց դժգոհությունը ներկայացրին:
Նախ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց նոր պատգամավորին՝ Կարեն Բեքարյանին, որը Արփինե Հովհաննիսյանի փոխարեն ընդգրկվել է ՀՀԿ խմբակցությունում:
ՀԱԿ խմբակցության Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ օրակարգի գլխավոր հարցին՝ սահմանադրական փոփոխություններին: Նրա խոսքերով՝ «Խնդիրը բախտորոշ նշանակություն ունի մեր ժողովրդի համար, մեր քաղաքացիները պետք է առավելագույնս տեղեկացված լինեն փաստաթղթին, ուստի ՀԱԿ-ը առաջարկում է ԱԺ նախագահին քվեարկության դնել սահմանադրական փոփոխությունների քննարկումը ուղիղ եթերով հեռարձակելու մասին որոշումը»:
Գալուստ Սահակլյանը պատախանեց, որ դրա համար նախ ժամանակ է պետք եւ ֆինանսական ռեսուրսներ. «Այնպես որ, չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա»:
Կարդացեք նաև
Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Դուք իրականում փորձում եք կազմակերպել դավադրություն՝ ժողովրդի թիկունքում: Սա եւս մեկ անգամ հաստատում է, որ դուք վախենում եք հասարակական կարծիքից, ուզում եք գաղտնի անել ժողովրդից եւ նրան մասնակից չդարձնել: Դուք առաջինը պիտի շահագրգռված լինեիք, որ ժողովուրդը այս ամբողջ ընթացքին հետեւեր: Եթե դուք վախենալու բան չունենայիք, ռեսուրս էլ կգտնեիք, ամեն ինչ էլ: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ է թաքնված այս ամենի հետեւում»:
Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Ընդունեցի շանտաժը»:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հիշեցրեց, որ ԱԺ նիստերը Parliament.am կայքում եւ Հ3 հեռուստաընկերության ուղիղ եթերով հեռարձակվում են: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հստակեցրեց, որ խոսքը Հ1-ով հեռարձակման մասին է, որը ավելի լայն լսարան կապահովեր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ