Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական փոփոխությունների «Ոչ»-ը կարող է դառնալ իշխանափոխության հնարավորություն. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 15,2015 12:38

Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության կազմակերպած «Ո՛չ»-ի ճակատի համաժողովը, որի նպատակը սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի միասնական ճակատի ձեւավորումն է։ Համաժողովի ժամանակ պարզ դարձավ, որ շուրջ 6 քաղաքական ուժ՝ Հայ Ազգային Կոնգրեսը, «Ժառանգություն», Հայաստանի ժողովրդական, «Հայազն», «Ազգային համաձայնություն» կուսակցությունները, Հիմնադիր խորհրդարանը, Ազգային ինքնորոշում միավորումը եւ գրեթե երկու տասնյակի հասնող հասարակական կազմակերպություն պայքարելու են Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման դեմ։

Թեմայի վերաբերյալ «ՉԻ»-ն զրուցեց Հայ Ազգային Կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ։

– Պարոն Մանուկյան, արդեն հայտնի է, թե քաղաքական քանի ուժ եւ հասարակական կազմակերպություն միացավ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարին։ Ըստ Ձեզ՝ այգ գործընթացի համար ուժերի ներկայիս քանակը բավարա՞ր է։

– Սա դեռ սկիզբն է, եւ սա ես համարում եմ լուրջ հաջողություն։ Վստահ եմ, որ ուժերի քանակը գնալով ավելանալու է։ Սակայն կարեւորը ոչ թե քանակն է, այլ այն, որ այս ուժերը կարողանան հասարակությանը հասցնել սահմանադրական փոփոխությունների վտանգը։ Պետք է ժողովրդին հասկացնել, որ սա ոչ իրավական փաստաթուղթ է, ոչ էլ նոր կամ հին սահմանադրությունների միջեւ ընտրություն։ Այն ընդամենը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս, որ հավերժ իշխի երկիրը։ Հետևաբար` ժողովուրդը պետք է ընտրի՝ ուզում է, որ երկիրը դառնա միակուսակցական, պարտոկրատիա եւ շարունակի ապրել այն բացասական երեւույթների մեջ՝ թալանի, կոռուպցիայի, որոնք ներկայումս կան։ Եթե այս ամենը սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի շուրջ միավորված ուժերը կարողանան հասցնել հասարակությանը, ապա խնդիրը համարեք լուծված։

– Ինչպե՞ս  պետք  է այդ ամենն իրականացնել։

– Պետք է շրջել բոլոր գյուղերում, հանդիպել տեղի ժողովրդի  հետ  եւ  բացատրել խնդրի վտանգավորությունը։ Ես արդեն եղել եմ Վարդենիսի մի քանի գյուղերում եւ բնակիչների հետ զրուցելուց հասկացա, որ ժողովուրդը գիտի, թե ուր է տանում Սերժ Սարգսյանը,  ինչ ցանկություններ  են թաքնված այս ծրագրում։ Բոլորն էլ հասկանում են, որ սա Սերժ Սարգսյանի կամակորությունն է, որպեսզի հավերժ շարունակի իր իշխանությունը։

Իսկ դրա դեմն առնելու հնարավորությունները  շատ  են, որոնցից  են  խորհրդարանը, հանրահավաքները, հանրային այլ միջոցառումների անցկացումը։ Մենք պետք է փորձենք այնպես անել, որ այս փոփոխությունները չհասնեն հանրաքվեի, բայց եթե հասնեն, ապա պետք է պայքարել ընտրատեղամասերում կատարվող խախտումների դեմ։ ՀԱԿ-ը ունի բավարար ռեսուրսներ, որպեսզի  Հայաստանի  բոլոր ընտրատեղամասերում  ունենանք ներկայացուցիչներ։ Վստահ եմ, որ այս միավորումն էլ մարդկային լրացուցիչ ռեսուրս կավելացնի այդ խնդիրը լուծելու համար։

– Այսինքն շարժման ռեսուրսները բավարա՞ր եք համարում՝ պայքարը հաջողությամբ ավարտելու համար։

– Կախված է աշխատանքից, բայց մենք ունենք նաեւ դժվարություններ։ Շուրջ 17 հեռուստաալիք  գովերգելու  է սահմանադրական փոփոխությունները՝ քաղաքացու ականջը կեղծիքներ լցնելով։ Այս առումով մեր հնարավորությունները բնականաբար քիչ են:

Հովհաննես ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930