Եվ այսպես՝ հանրապետականներն ու հարակից «ընդդիմադիրները» համարում են, որ սահմանադրական փոփոխություններն ու Սերժ Սարգսյանի վերարտադրությունն իրար հետ կապ չունեն։ Իբր՝ «մարդը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխություններից հետո որեւէ պետական պաշտոնի չի հավակնելու, դրանից ավել էլ ի՞նչ եք ուզում»։ Բայց հասարակությունը դրան չի հավատում։ Մի մասը գտնում է, որ Սերժ Սարգսյանի խոսքերին ընդհանրապես պետք չէ հավատալ («հետո ինչ, որ ասել է»), մյուս մասն էլ գտնում է, որ նա մտադիր է երկիրը միանձնյա դեկավարել «գենսեկի» (այսինքն՝ իշխող կուսակցության առաջնորդի) կարգավիճակով։
Թե իրականում ինչ կա Սերժ Սարգսյանի մտքին՝ այս պահին, իհարկե, դժվար է ասել, բայց փորձենք հարցին մոտենալ այլ տեսանկյունից։ Պատկերացրեք՝ ինչ-որ մեկր զբաղեցնում է Հայաստանի նախագահի պաշտոնը, ընդ որում՝ գիտի, որ ընտրվել է բացառապես «տոկոս խփելու» շնորհիվ, եւ ահա նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետն էլ ուր որ է կավարտվի, իսկ նա ուզում է ինչ գնով էլ լինի՝ պահպանել իշխանությունը։ Չենք ասում՝ Սերժ Սարգսյանն է ուզում, պարզապես իրավիճակն ենք ներկայացնում։ Հիմա այս իրավիճակում ի՞նչ պիտի անի այդ «ինչ-որ մեկը», ի՞նչ տարբերակներ ունի։
Տեսականորեն մի քանի տարբերակներ, իհարկե, կան։
1. Նա կարող է ընդհանրապես թքած ունենալ Սահմանադրության վրա, արհամարհել միջազգային կարծիքը եւ առաջադրվել երրորդ անգամ՝ իբր «ազգաբնակչության լայն խավերի պահանջով» (մոտավորապես այնպես, ինչպես արեց Իլհամ Ալիեւը): Բայց սա շատ բարդ ճանապարհ է։ Նախ՝ այդ դեպքում Հայաստանը միանգամից կդառնա «իզգոյ», ինչը չի կարելի թույլ տալ, որովհետեւ մենք չափազանց մեծ կախվածություն ունենք միջազգային կառույցներից, երկրորդ՝ այդ դեպքում երկրի ներսում բողոքի լուրջ ալիք կբարձրանա, ու հայտնի չէ, թե ինչով կավարտվի դա։ Այնպես որ՝ սա, մեղմ ասած, «չլինող» տարբերակ է։
Կարդացեք նաև
2. Նա կարող է իր շրջապատից ինչ-որ անկապ դեմքի դարձնել նախագահ՝ «անգլիական թագուհու» կարգավիճակով, իսկ ինքը փաստացի ղեկավարել երկիրը՝ դառնալով վարչապետ եւ ունենալով իրեն հավատարիմ խորհրդարան։ Բայց սա նույնպես շատ վտանգավոր է։ Գործող Սահմանադրությունը նախագահին շատ լայն լիազորություններ է տալիս, եւ նույնիսկ ամենաանկապ դեմքը կարճ ժամանակ անց կցանկանա դուրս զալ «անգլիական թագուհու» վիճակից։ Հայաստանում մի անգամ արդեն այդպես եղել է, ու ամեն ինչ ավարտվել է «մի խումբ ռոմանտիկների» ձեռքով։ Համ էլ՝ որտեղի՞ց հարմար «անկապ դեմք» գտնի (որին հնարավոր լինի անցկացնել), որտեղի՞ց հուսալի դաշնակից գտնի (ԱԺ նախագահ դարձնելու համար) եւ այլն։ Պարզ ասած՝ հազար ու մի խնդիրներ կան, ու սա նույնպես «չլինող» տարբերակ է։
3. Փոխել Սահմանադրությունը՝ այնպես, որ գործող նախագահն ընդհանրապես որեւէ լուրջ լիազորություն չունենա, հիմնական լծակները գտնվեն վարչապետի ձեռքին, բայց իշխող կուսակցությունը ցանկացած պահի կարողանա պաշտոնանկ անել նրան:
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում