Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ղեկավարելու զինված ուժերը պատերազմի օրերին. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 15,2015 11:58

Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված հանձնաժողովը, փոխելով Հայաստանի Սահմանադրությունը, ձեռքի հետ տակնուվրա է անում պետական կառավարման ամբողջ համակարգը։ Սահմանադրության առաջարկվող տարբերակով հիմնովին փոխվում են պատերազմ հայտարարելու եւ խաղաղություն հաստատելու գործընթացն ու դրանց համար պատասխանատու պետական մարմինները։ Իսկ ահա զինվսւծ ուժերի ղեկավարման ընթացակարգը լիովին խարխլում է գոյություն ունեցող կայուն աշխատելաոճը։ Նոր տարբերակով այս հարցերում իրապես մեծանում է անորոշությանը եւ արմատավորվում է պաշտոնական անպատասխանատվության պրակտիկան։ Համաձայնեք, որ պատերազմի մշտական վտանգի մեջ գտնվող երկրի համար, ինչպես այսօր Հայաստանն է, պետության անվտանգության հարցերում պատասխանատվության սահմանումը պիտի լինի իմպերատիվ եւ հստակ՝ զերծ որեւէ անորոշությունից ու թերությունից։

Այսպես՝ Սահմանադրության առաջարկվող նախագծի 118-րդ հոդվածով սահմանվում է, որ պատերազմ հայտարարելու ու խաղաղություն հաստատելու իրավասությունը պատկանում է ՀՀ Ազգային ժողովին, որն էլ դա իրականացնում է կառավարության առաջարկությամբ։ Ուշադրություն է պետք դարձնել այն հանգամանքին, որ ԱԺ-ը նման որոշում է կայացնում ոչ թե վարչապետի, այլ կառավարության առաջարկով։ Այստեղ գոյություն ունի պատասխանատվության հստակ աստիճան։ Ըստ էության մի բան է, որ այդ առաջարկությունը ներկայացնի անձամբ կառավարության ղեկավարը, եւ լիովին այլ բան, երբ դա հայտարարում է կոլեգիալ մարմին հանդիսացող կառավարությունը։ Ավելին՝ նույն հոդվածի երկրորդ կետով էլ վճռվում է, որ ԱԺ-ի նիստ հրավիրելու անհնարինության պարագայում պատերազմ հայտարարելու իրավազորությունը պատկանում է կառավարությանը։ Գործող Սահմանադրությունը նախատեսում է, որ ԱԺ-ը Հանրապետության նախագահի առաջարկով է կայացնում պատերազմի եւ խաղաղության մասին որոշումը, իսկ ԱԺ-ի նիստ գումարելու անհնարինության դեպքում հարցը վճռվում է անձամբ նախագահի կողմից։ Հարկ է նկատել, որ պատերազմն ինքնին անվերահսկելի մի երեւույթ է, որի ամեն զարգացումը չէ, որ կարելի է հաշվարկել։ Հաշվի առնելով Հայաստանի՝ պատերազմի մեջ ներքաշվելու մեծագույն վտանգը՝ հարց է ծագում՝ իսկ եթե այդ ճակատագրական պահին կառավարության նիստ հրավիրելն էլ անհնարին լինի, ի՞նչ արդյունք ենք ունենալու։ Վերջապես, պատերազմը պետության համար ճակատագրական նշանակություն ունեցող հիմնահարց է, որի հանդեպ անլուրջ մոտեցում չի կարելի ցուցաբերել։ Այստեղ պետք է լինի մեկ կոնկրետ պատասխանատու, որն իրավիճակի անկանխատեսելի զարգացման պարագայում իր ձեռքը կվերցնի գործընթացի կառավարումը։

Ինչ վերաբերում է զինված ուժերի ղեկավարմանը խաղաղ եւ պատերազմական ժամանակներում, այստեղ արդեն սկսվում է իսկական խառնաշփոթը։ Սահմանադրության նոր տարբերակի 154-րդ հոդվածը պարզաբանում է զինված ուժերի կառուցվածքը եւ կառավարության ղեկավարի դերը դրա կառավարման գործում։ Արձանագրված է, որ զինված ուժերի ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին, սակայն, նշանակում է հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ։ Եվ այսքանից հետո էլ խաղաղ ժամանակներում ԶՈՒ շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին։ Փաստորեն, ԶՈՒ շտաբի պետը, որը նշանակվում է երրորդ անձի կողմից, խաղաղ ժամանակներում ենթակա է նախարարին, իսկ պատերազմի պահին՝ վարչապետին։ Վերջինս, ի դեպ, նույն հոդվածով պատերազմի օրերին վերածվում է ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի։ Ըստ էության, այս պայմաններում նման կարեւոր պաշտոններ զբաղեցնողները ստիպված են միմյանց հետ աշխատել ընդհատումներով՝ առանց միմյանց նշանակումներում իրական դերակատարություն ունենալու։

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930