Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ ֆինանսական շուկայի խութերը. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 15,2015 11:50

Եվրասիական ինտեգրման նախագծերի շրջանակներում ենթադրվում է ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծում եւ կապիտալի շարժի ազատականացամ։

Մոսկվայի պլանների համաձայն՝ նախատեսվում էր ընդհանուր ֆինանսական շուկան ստեղծել երեք փուլով եւ այդ գործընթացն ավարտել մինչեւ 2020թ. հունվարի 1-ը։ Առաջին փուլի ընթացքում, որը պետք է ավարտվեր 2015թ. վերջին, նախատեսվում էր ներդաշնակեցնել անդամ երկրների օրենսդրությունը տերմինաբանության համապատասխանության իմաստով եւ քննարկել ֆինանսական շուկայի կարգավորմամբ զբաղվող վերազգային մարմնի ստեղծման հնարավորությունը։ Երկրորդ փույի ընթացքում, որը պետք է ավարտվեր 2017թ. վերջին, պետք է իրականացվեր օրենսդրության հետագա ներդաշնակեցում՝ ֆինանսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ արտոնագրերը, հավաստագրերը եւ այլ թույլտվությունները փոխադարձ ճանաչելու մասով։ Երրորդ փուլում, որը պլանավորվում էր ավարտել 2019թ. վերջին, պետք է իրականացվեր օրենսդրական պահանջների ունիֆիկացում ֆինանսական շուկաների վերահսկողության բնագավառում։

Սակայն, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014թ. մայիսի 30-ի Աստանայի նիստը մերժում է ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման՝ Մոսկվայի կողմից առաջարկված պլանը։ Այդ նիստում ստորագրվում է ԵՏՄ ստեղծման պայմանագիրը, որի 103-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունները ֆինանսական շուկայի ոլորտում իրենց օրենսդրությունների ներդաշնակեցումը կիրականացնեն մինչեւ 2025թ.՝ միության շրջանակներում միջազգային պայմանագրերին եւ «Ֆինանսական ծառայությունների վերաբերյալ» արձանագրությանը համապատասխան (պայմանագրի թիվ 17 հավելված): Ֆինանսական շուկաների ոլորտում օրենսդրության ներդաշնակեցումն ավարտելուց հետո միայն անդամ պետությունները որոշում կընդունեն ֆինանսական շուկայի կարգավորման գծով վերազգային մարմնի լիազորությունների եւ գործառույթների վերաբերյալ, 2025 թվականին կստեղծեն այն, եւ դրա գտնվելու վայրը կլինի Ալմաթի քաղաքը։

ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների 2014թ. դեկտեմբերյան հավաքին մեկ անգամ եւս հաստատվում է, որ միության շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման գործընթացը պետք է ավարտվի 2025թ.: Բացի այդ, ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկներին անցումը պետք է տեղի ունենա 2025–2030թթ.: Այդպիսի առաջարկություն է պարունակում ԵՏՄ-ում վճարային համակարգերի զարգացման նախագիծը, որը հաստատվել է 2014թ. դեկտեմբերյան հավաքի ժամանակ։ Դեկտեմբերյան նախագիծը ենթադրում է նաեւ ընդհանուր վճարային տարածության ստեղծում մասնակիցների համար, ինչը թույլ կտա վճարումներն իրականացնել հաշվի առնելով ազգային քարտային համակարգերի համատեղելիությունը։

Այսպիսով, ստորագրված փաստաթղթերի համաձայն, ԵՏՄ երկրները ընդհանուր ֆինանսական շուկա կձեւավորեն առանց վերազգային կարգավորիչ մարմնի, այսինքն՝ առանց միասնական արժույթի ստեղծման, իսկ ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկներին անցումը տեղի կունենա դրա ձեւավորումից հետո։

Նշված անորոշ հեռանկարը նյարդայնացնում է Մոսկվային։ Եվրասիական նախագծերը փաստացի ձախողվել են, եւ օդում կախված է մնացել միայն դրանց ստվերը։ Հայտնի չէ, թե ինչ է սպասվում ԵՏՄ-ին մոտակա ժամանակում, ուր մնաց մինչեւ 2025թ.: Ռուսաստանին մնում է ստեղծել ինտեգրացիոն գործընթացների իմիտացիա եւ շանտաժի ու ճնշման միջոցով ԵՏՄ երկրներին պահել իր ազդեցության ոլորտում:

Աշոտ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930