Վահրամ Պողոսյանի կարծիքով՝ պետդեպի հայտարարությունը նաեւ յուրահատուկ գնահատական էր Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների հետ կապված
«Սեպտեմբերի 13-ին Արցախում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները անցել են բարձր մակարդակով, ամենակարեւորը՝ բաց թափանցիկ, ժողովրդավարության կանոններին համապատասխան եւ մրցակցային պայմաններում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Ըստ նրա՝ ամենամեծ ձեռքբերումն, որը գրանցել է այս ընտրությունների ընթացքում, այն է, որ ընտրախախտումների վերաբերյալ դիմում բողոքներ գրեթե չեն ներկայացվել:
Անդրադառնալով ԱՄՆ պետդեպի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարությանը, թե հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում ԱՄՆ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը իրենց ապագան որոշելու հարցում, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ ինքնիշխան պետություն՝ Վահրամ Պողոսյանն ասաց. «Իհարկե՛, մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի ներկայացուցչի հայտարարությունը, որովհետեւ նախորդ հայտարարությունների համեմատ այն մեկ քայլ առաջ է: Եվ երկրորդը՝ մենք գտնում ենք, որ Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, պետք էր զգուշավորությամբ հանդես գար, բայց ամեն դեպքում՝ մենք համարում ենք, որ այն արդեն մեկ քայլ առաջ էր, կարելի է ասել, որ ինչ-որ տեղ ճանաչում էր այն ժողովրդավարական գործընթացը, նաեւ յուրահատուկ գնահատական էր Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների հետ կապված»:
Կարդացեք նաև
Վահրամ Պողոսյանը նշեց, որ «Ազատ հայրենիք» կուսակցությունը կարծում է, որ ժամանակի ընթացքում պետդեպի հայտարարության տողերի մեջ ավելի շատ հստակություն առկա կլինի. «Ժողովրդավարությունն այսօր ժամանակակից աշխարհում այլընտրանք չունի, եւ դրան զուգահեռ կցանկանայի նշել վերջերս Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ ընդունած բանաձեւը կապված այդ երկրում տեղի ունեցող ճնշումների եւ այլ նման ոչ ժողովրդավարական հատուկ գործընթացների վերաբերյալ: Կարծում եմ՝ շատ հետաքրքիր զուգադիպություն է նաեւ տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների եւ մեր հարեւան, մեր հակառակորդ նաեւ երկրում այդ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Համոզված եմ, որ միանշանակ, այս երկու գնահատականներն ազդելու են բանակցային գործընթացի վրա»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ