Վարդգես Բաղրյանի կարծիքով՝ կգա մի օր, որ ոչ միայն Միացյալ Նահանգները, այլեւ նույնիսկ Ադրբեջանը ստիպված կլինի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
«Մեր տեղեկություններով՝ ընտրություններն անցել են շատ հանգիստ»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով կիրակի՝ սեպտեմբերի 13-ին, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին ասաց Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ Վարդգես Բաղրյանը:
Ըստ նրա՝ այս ընտրությունների ընթացքում Ստեփանակերտի պարագայում աննախադեպ էր, որ Ավագանու անդամ էր ցանկանում դառնալ 51 թեկնածու. «Նույնիսկ այդ պարագայում շատ նորմալ անցան ընտրությունները»:
ԱՄՆ պետդեպի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում ԱՄՆ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը իրենց ապագան որոշելու հարցում: Նա հավելել էր, որ այնուամենայնիվ, ԱՄՆ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ ինքնիշխան պետություն. «Եվ մենք չենք ընդունելու սեպտեմբերի 13-ի «այսպես կոչված» ընտրությունները որպես ազդող գործոն տարածաշրջանի իրավական կարգավիճակի վրա»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը հետաքրքրվեց Վարդգես Բաղրյանից, թե ինչպե՞ս է գնահատում այս հայտարարությունը, արդյոք ԱՄՆ-ի քաղաքականության մեջ առաջընթաց նկատվո՞ւմ է, նա, պատասխանելով հարցին, նկատեց, որ երբեւէ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ այլ երկիր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ընտրությունները, բայց չնայած դրան Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակել է կառուցել իր պետությունը. «Այնպես որ այդ հայտարարությունով չի պայմանավորված մեր գործընթացը, մեր առաջընթացը: Այո՛, որոշ առաջխաղացում նրանց հայտարարության մեջ նկատվում է, որ ամեն դեպքում ճանաչում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշման, արտահայտման իրավունքը, որ այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ընտրություն անելու: Խնդիր է, որ այս պահին չեն ճանաչում, վստահ եմ՝ կգա մի օր, որ ոչ միայն Միացյալ Նահանգները, այլեւ նույնիսկ Ադրբեջանը ստիպված կլինի ճանաչել մեր պետությունը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ