Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն կազմակերպել էր «Տուն կտանեի՞ր…» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը, որն անդրադառնում է Հայաստանի քաղաքացիական շարժումներում եւ նախաձեռնություններում կանանց դերը եւ ավանդն ավելի ակնհայտ դարձնելուն: Ֆիլմում կին քաղաքացիական ակտիվիստներն անձնական փորձառությամբ փորձում են կիսվել, թե կոնկրետ կին լինելն առհասարակ ոնց է օգնում կամ խանգարում ակտիվ լինել հասարակական գործընթացներում:
ՀԿ ծրագրերի ղեկավար Անուշ Խաչատրյանի խոսքերով. «Շատ հաճախ լսում ենք, թե կնոջ տեղը խոհանոցում է, նա չպետք է, օրինակ, հրապարակում պաստառներ բռնի, կոչեր անի, վիճաբանի ոստիկանի հետ, տղամարդու հետ ուս՝ ուսի պայքարի: Եվ քանի դեռ այդ ընկալումը կա, մենք փորձում ենք այս ֆիլմով ցույց տալ, թե արդյոք այդ ընկալումները խանգարո՞ւմ են որեւէ կին քաղաքացու իր լիազորությունները, իրավունքները, պատասխանատվությունը որպես քաղաքացի իրացնել: Ֆիլմում բարձրացվում են նաեւ այնպիսի խնդիրներ, որին շատերն առնչվում են, բայց այս կամ այն պատճառով այնքան էլ չեն բարձրաձայնվում: Օրինակ, բոլորիս կողմից ընդունված ու ավանդական դարձած՝ աղջկան տուն տանելը, կամ ձեռքը խնդրելը, որով իրականում հավասարության բաղադրիչները խախտվում են եւ կինը դիտարկվում է որպես առարկա: Գնում ես մեկ ուրիշ տղամարդուց խնդրելու, որպեսզի աղջիկը հոր տիրապետությունից անցնի մեկ այլ տղամարդու, տվյալ դեպքում՝ ամուսնու տիրապետության տակ: Այսինքն, աղջիկը չի ընկալվում որպես սուբյեկտ, այլ ընկալվում է որպես օբյեկտ: Ֆիլմի վերնագիրը հենց նպատակ ունի հարց բարձրացնել՝ ինչի՞ տուն տանել: Շատերս չենք էլ մտածում, թե տուն տանել, տանը մնացած եւ այլ նմանատիպ արտահայտությունները օրակարգում չպետք էլինեն եւ վիրավորանք է պարունակում»:
Մեր հարցին, թե իրենք հայկական հարյուրամյա ավանդույթներին դե՞մ են, մանավանդ, որ մեր օրերում երիտասարդներն իրենք են, ասենք, ամուսնանալու որոշում կայացնում, իսկ խնամախոսության գնալը, պարզապես հնից եկող ավանդույթ է, Անուշ Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ: Ուրեմն պետք է վերբալ արտահայտությունները փոխվեն, որպեսզի այդպես չընկալվի: Հիմա շատ հաճախ երիտասարդներն իրենք են որոշում զույգ կազմել: Անցել են միայն տղամարդու գլխարկը տեսնելով, առանց նրան ճանաչելու, աղջկան ինչ-որ մեկին տալու ժամանակները: Այդ ավանդույթները որոշ չափով ուժը կորցրել են: Ավանդույթը ժամանակի ընթացքում փոփոխվում է: Պետք է բոլորը հասկանան, որ ոչ բոլոր ավանդույթներն են, որ տեղին են եղել: Կարելի է պահպանել գեղեցիկ ավանդույթները՝ չոտնահարելով մեկ ուրիշ մարդու իրավունքները: Ինչքան էլ գեղեցիկ լինի ավանդույթը, շատ ավելի գեղեցիկ է, երբ մենք հարգում ենք ուրիշ մարդու իրավունքը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ