«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը համոզված է, որ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների ձեւավորված «Ոչ»-ի ճակատը տապալելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:
«Ոչ»-ի ճակատը ժողովրդի պատվերով է ձեւավորվել: Իշխանությունները ձախողել են, էլ չեն կարող վերարտադրվել, բարոյական իրավունք չունեն, մենք էլ հասկանում ենք, որ սահմանադրական փոփոխությունների նպատակը վերարտադրությունն է, կարծես թե, իրենց կարծիքով, սահմանադրական փոփոխություններով գտել են վերարտադրության ճանապարհը: «Ոչ»-ի ճակատին միացած քաղաքական ուժերը իրենց թիկունքում ունեն ժողովրդի բացարձակ մեծամասնությունը, իսկ այն ուժերը, որոնք փորձեցին նախագահի հետ հանդիպելով գալիք խորհրդարանում իրենց տեղն ապահովել, նրանք որեւէ վստահություն չունեն ժողովրդի մոտ: Այդ նույն ուժերի շարքային անդամների հետ ենք շփվում, նրանք ընդհանրապես տեղյակ չեն այդ որոշումների մասին, որովհետեւ կուսակցությունում չի քննարկվել, իրենք դեմ են: Կուսակցության ղեկավարները լիազորված չէին դիրքորոշում հայտնելու, մանավանդ որ մի քանի ամիս առաջ լրիվ այլ դիրքորոշում էին հայտնում»,- ասաց Արամ Հարությունյանը՝ առանց մանրամասնելու՝ որ ուժերի մասին է խոսում:
Ըստ նրա, իշխող կուսակցություն՝ որպես այդպիսին չկա. «Մի մարդ է առայժմ որոշում, այն իմաստով, որ առայժմ իշխանության գլուխ է: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, այդ կուսակցության անդամների քանակը պետք է հաշվել, իշխանությունը կորցնելուց հետո: Այդ նույն ՀՀԿ-ն 1991-ին Աշոտ Նավասարդյանի նախագահությամբ 0 ու մի քանի տոկոս էր ստացել, այդ նույն ՀՀԿ-ն 1995-ին կցվեց ՀՀՇ-ին, դրա համար հայտնվեց ԱԺ-ում: Հետո Վազգեն Սարգսյանը բոլորին լցրեց ՀՀԿ, բայց կարող էր լցնել հնչակյան կուսակցություն, ու այսօր Սերժ Սարգսյանը կլիներ հնչակյան կուսակցության ատենապետը»:
Պարոն Հարությունյանը, անդրադառնալով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի գնահատականներին, թե «Ոչ-ի» ճակատում ծանրակշիռ ուժ չկա, հաղթանակ չեն ունենա, ասաց. «Նման կարծիք հայտնողները ինքնուրույն կարծիք հայտնելու իրավունք չունեն, սպասում են՝ Սերժ Սարգսյանն ինչ կասի: Սերժ Սարգսյանն էլ այսօր պաշտոն ունի, դրա համար կարողանում է ասել, վաղը պաշտոնի չի լինի, ինքն էլ ասող չէ: Ժողովրդի մեծամասնությունն այս իշխանություններից ոչ միայն զզվում է, այլեւ կանայք անիծում են, տղամարդիկ՝ հայհոյում:
Կարդացեք նաև
Կտապալենք հանրաքվեն, Իշխանությունը վստահության ռեսուրս չունի, ժողովուրդը կողմնակից է «Ոչ»-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ