ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանությունում իրականացված ուսումնասիրության արդյունքների քննարկման նպատակով անցկացրած խորհրդակցության ընթացքում հնչած կարծիքների և տրված հանձնարարությունների առիթով այս շաբաթվա ընթացքում տաքսիստները հանդես են գալու հայտարարությամբ:
Ամենայն հավանականությամբ տաքսիստները բավականին կոշտ դիրքերից են հանդես գալու, մինչև անգամ պահանջելու, որպեսզի հանվեն տեսախցիկները, որ մինչև բաժնետոմսերը հարյուր տոկոսով չտիրապետի ՀՀ ոստիկանությունը, ոչ մի փոփոխություն չեն ընդունելու:
Aravot.am-ը «Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիք ունի ՀՀ Սերժ Սարգսյանի այն հայտարարության առնչությամբ, թե հոծ գծերի հետ կապված պետք է «մասնագետների հետ խորհրդակցել, արդյոք բոլոր գծանշաններն արել ենք կարգուկանոնով և հարմարավետություն ապահովելու համար, թե՞ ուղղակի արել ենք, որպեսզի ավելի շատ խախտումներ լինեն»:
Տիգրան Հովհաննիսյանը նշեց, թե դրա մասին ինքը վաղուց է ասել ու շեշտեց, որ գծանշումների պատճառով վարորդները հաճախ ընկնում են շփոթմունքի մեջ: Ըստ պարոն Հովհաննիսյանի՝ այդ գծանշումները պետք է կամ հանվեն, կամ երկու մետրը չգերազանցեն: Արտասահմանյան համարներով մեքենաների հետ կապված՝ ՀՀ նախագահի դիտարկումների վերաբերյալ Տիգրան Հովհաննիսյանը որոշ մտահոգություններ ունի: Ըստ նրա՝ նախ պետք է հստակեցնել ՀՀ նախագահը արտասահմանյան համարանիշներով մեքենաներ նկատի ունի նաև նրանք, որոնք այլ երկրներից ՀՀ են ներկրվե՞լ:
Կարդացեք նաև
Նա այս առիթով ասաց. «Գրեթե ամեն շաբաթ կիրակի մեքենաներ են ներկրվում: Դրանց մաքսազերծման համար տրվում է տասն օր ժամանակ, իսկ համարանիշների տրամադրման համար՝ 15 օր: Փաստորեն, թամա են արել այդ ներկրողների համարներին, «Սեքյուրիթի դրիմի», որը հիսուն տոկոս բաժնետոմսերն է ղեկավարում, եկամուտն այնքան քիչ է, հիմա էլ թամա է արել ավտոներկրողների մեքենաների՞ն»:
Երթևեկության նվազ վտանգավոր, միտում չպարունակող խախտումների համար տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու, ինչպես նաև տուգանքների կրկնակի վճարման /գանձման/ դեպքերը բացառելու համակարգի ներդրման մասին՝ ՀՀ նախագահի հանձնարարությանը Տիգրան Հովհաննիսյանը դրական է վերաբերվում, սակայն առանձնապես չի հավատում դրան, քանի որ այսօրվա դրությամբ ամեն ինչ անում են, որ շտապ ուղարկեն ԴԱՀԿ, որ մարդ մտնի փակուղի: Տիգրան Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ ԴԱՀԿ ընկնելու դեպքում բողոքարկելը տարիներ է տևելու:
Նա նշեց. «ԴԱՀԿ ուղարկելը ոչ հայրենասեր ու խորամանկ քայլ է: Այդ պատճառով ողբերգական բնույթի դեպքեր էլ ենք ունենում: Նույնիսկ լիգայում ուզում ենք մի սենյակ բացել, որտեղ ներկայացնելու ենք քաղաքացիների՝ տեսախցիկների պատճառով ողբերգական դեպքերը, թե ինչի է հանգեցրել տեսախցիկների կիրառումը մարդկանց. այս տարիների ընթացքում ծեծկռտուքից մինչև վիրավորանքներ, քրեական գործերի հարուցում: Տաքսիստները կայանատեղիներ չունեն, ուստի տեսախցիկները նրանց՝ տարիներ շարունակ կանգնած տեղերում նկարահանել են և օրական մի քանի անգամ հինգ հազար դրամի տուգանքներ գրանցել, իսկ մեքենայի սեփականատերը ստիպում է վճարել այդ գումարները, այդ միլիոնները, պարզ է, որ տաքսիստները չեն կարող վճարել, ուստի մարդկանց հասցնում են ինքնասպանության»: Սերժ Սարգսյանի այն հավաստիացնումները, թե տուգանելը միջոց է, որպեսզի հասնեն իրենց նպատակներին, պարոն Հովհաննիսյանն արձագանքում է, թե համամիտ չէ, որ տուգանելը երթևեկությունը բարելավելու միջոց է, ու որպես օրինակ՝ բերում Վրաստանի ու Ադրբեջանի փորձը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ