Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջին զանգը Թբիլիսիի հայալեզու դպրոցներում

Սեպտեմբեր 14,2015 18:20

Այսօր առավոտվանից երկրում գործող բոլոր դպրոցներում բազմամարդ և տոնական տրամադրություն էր տիրում: Վրաստանում սկսվեց ուսումնական տարին: Ուսումնական Նոր տարին նշեցին նաև Թբիլիսիում գործող պետական կրթական հաստատություններում` № 104 հայալեզու դպրոցում, ինչպես նաև №103 և 132 դպրոցներում, որտեղ գործում են հայալեզու բաժիններ:

Վաղ առավոտյան Թբիլիսիի միակ ամբողջական հայալեզու դպրոցում կայացավ Առաջին Զանգի արարողությունը: Երեխաների ուրախ ժպիտներ, գեղեցիկ հագնված ծնողներ, ուսուցիչներ և, իհա´րկե, մոլորված առաջին դասարանցիներ: Իսկ նրանք այս տարի 25-ն են:

Առաջին զանգի արարողությանը հավաքված աշակերտների, ծնողների, ուսուցիչների և հյուրերի առջև, որոնց համար հայալեզու ուսումնական հաստատությունում ուսումնական տարվա սկիզբը տոն է, ելույթ ունեցան դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը, Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանը:

Բոլոր ելույթ ունեցողները խոսում եին մի բանի` այսօրվա կարևորության մասին, հայկական կրթության կարևորության մասին, հայկական ոգու և դաստիարակության պահպանման անհրաժեշտության մասին: Հնչեց Առաջին Զանգը, և աշակերտները բաժանվեցին ըստ իրենց դասարանների: Դպրոցում տիրեց լռությունը, սկսվեց ուսումնական գործընթացը: Եվ միայն մեկ դասարանի մոտ էր նախկինի պես բազմամարդ և աղմկոտ. առաջին դասարանն էր:

25 առաջին դասարանցիներ առաջին անգամ նստեցին դպրոցական սեղանի շուրջ… Ոմանց ծնողները արցունքներն էին սրբում, ոմանք ժպտում, ծիծաղում էին, ոմանք էլ նստել ու չէին հասկանում, թե ինչո՞ւ այսօր իրենց մանկապարտեզ չեն տարել:

«Մեր առաջին դասարանցիներին ես առաջին հերթին մաղթում եմ աշխատասիրություն, առողջություն և կամքի ուժ: Այսօր նրանք սկսում են նոր կյանք, և ես նրանց հաջողություններ եմ մաղթում նրանց համար այս նոր կյանքի ուղու վրա: Առաջին դասարանցիների ծնողերին ևս մաղթում եմ կամքի ուժ և համբերություն: Ապրե´ն այն ծնողները, որոնք ընդունել են միակ ճիշտ որոշումը և բերել իրենց երեխաներին հայկական դպրոց: Առաջին իսկ դասարանից աշակերտները սովորում են պետական լեզուն և միաժամանակ չեն կտրվում իրենց ազգային արմատներից: Դա շատ կարևոր է, որպեսզի պահպանվի շարունակականությունը: Իր արմատները կորցրած երեխան մեծանում է լրիվ այլ մարդ: Ցանկանում եմ, որ բոլոր ծնողները հասկանան այդ ճշմարտությունը», -«Միության» հետ զրույցում ասաց ուսուցչուհի Լամարա Ղազարյանը, որին հանձնված է կարևորագույն առաքելությունը: Նա առաջին դասարանի դասղեկն է: Հենց նա պետք է ուղղորդի երեխաներին դեպի գիտելիքների և հայոց լեզվի աշխարհ:

«Որպեսզի մենք` որպես ժողովուրդ չկորչենք, կարևոր է, որպեսզի մեր երեխաները ստանան հայկական կրթություն: Ավելին, հայկական կրթությունը ամենաուժեղ կրթություններից մեկն է: Մեր երեխաները պետք է սովորեն Մայրենի լեզվով: Ես Թբիլիսիում շատերին գիտեմ, որոնք ստացել են հայկական կրթություն, և այսօր իրենց գործի հմուտ մասնագետներ են: Համապատասխանաբար, սխալ է, որ մենք մեր երեխաներին, Վրաստանում հայկական դպրոց ուղարկելով, զրկում ենք նրանց ինչ-որ բանից: Ընդհակառակը: Մեր երեխաները զարգանում են ներդաշնակության մեջ: Նրանք ներդաշնակության մեջ են իրենց ընտանիքի, լեզվի, պետության և ամենակարևորը` իրենք իրենց հետ», -ասում է առաջին դասարանի աշակերտուհու հայր Կոնստանտին Ալիխանյանը:

«Հայերն առաջին հերթին պետք է իմանան իրենց մայրենի լեզուն: Վրացերեն նրանք այսպես թե այնպես գիտեն և սովորում են, կսովորեն նաև ռուսերեն, անգլերեն… Բայց գրել-կարդալ մայրենի լեզվով երեխաներին կարող են սովորեցնել միայն հայկական դպրոցում: Դուք չեք պատկերացնում, թե ինչ երջանիկ էի ես, երբ իմ երեխան առաջին անգամ գրիչը վերցրեց և գրեց իր առաջին տառերը… Մեսրոպյան տառերը…», -ասում է առաջին դասարանցու մայր Ջուլիետա Եղիազարյանը:

«Այն ծնողներին, որոնք հաջորդ տարի պատրաստվում են իրենց երեխաներին առաջին դասարան ուղարկել և արդեն իսկ այսօր մտածում են, թե որ դպրոց տանեն երեխային, ես խորհուրդ եմ տալիս` միայն հայկական: Եթե դուք ուզում եք, որ ձեր երեխան հայ մնա, եթե դուք ուզում եք, որ նա վրացերենի կամ այլ օտար լեզվին հավասար տիրապետի իր Մայրենի լեզուն, բերեք նրան հայկական դպրոց: Այլ տարբերակներ չկան և ոչ էլ պետք է լինեն: Պետք չէ մտածել, հորինել… Այստեղ երեխան կսովորի իր քույրերի և եղբայրների մեջ», -ասաց Գոհար Մեկինյանը, որի արդեն երկրորդ երեխան է եկել սովորելու հայկական դպրոցում:

Վրաստանի Հայ Համայնք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930