Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի համար ևս մեկ ոչ ձեռնտու առաջարկ՝ ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովի նիստում

Սեպտեմբեր 14,2015 17:24

Սեպտեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական և առողջապահական հարցերի հանձնաժողովի նիստում այս անգամ չքննարկվեց Սարսանգի ջրամբարի վերաբերյալ՝ Միլիցա Մարկովիչի խնդրահարույց զեկույցը:

Նշենք, որ այս զեկույցը ադրբեջանցիները նստաշրջանից նստաշրջան դնում են շրջանառության մեջ, մինչդեռ զեկուցողն այդպես էլ չի այցելել Լեռնային Ղարաբաղ տեղում ծանոթանալու Սարսանգի ջրամբարի հետ կապված հարցերին:

Sarsangi-jrambar

Սարսանգի ջրամբարը

Aravot.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նիստի օրակարգում Սարսանգի ջրամբարի հետ կապված հարց չի եղել, նիստին ներկա չի եղել նաև համազեկուցողը:

Վահան Բաբայանը մեզ փոխանցեց հայաստանյան պատվիրակության այն մոտեցումը, որ զեկուցողն անպայման պետք է այցելի ԼՂՀ, այնուհետև ներկայացնի զեկույցը, որպեսզի այն չլինի միակողմանի:

Սակայն պարոն Բաբայանը մտահոգություն ունի, որ Ադրբեջանի վարած խավիարային դիվանագիտությունն իր սև գործն արել է: Այս առիթով նա փոխանցեց. «Խավիարային դիվանագիտության վերջին հետևանքները ԵԽԽՎ-ում դիտվում են, և մտահոգություն կա, որ սա կարող է լինել միակողմանի և արդեն կանխավ որոշված զեկույց: Բայց մենք այս հարցը բազմիցս բարձրացրել ենք. և′ նախորդ նստաշրջանին, և′ հանձնաժողովի նիստին այդ հարցը քննարկվել էր և որոշում կայացվել, որ Միլիցա Մարկովիչը պիտի այցելի ԼՂՀ»:

Վահան Բաբայանի փոխանցմամբ՝ այս նիստին ադրբեջանցիները համեմատաբար զուսպ են եղել, բարձրացրել են իրենց ներքին խնդիրներին և ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր: Նիստին քննարկվել է նաև մեկ մտահոգիչ առաջարկ՝ հանձնաժողովի նիստերը փակ անցկացնելու գաղափարը: Այն դրվել է քվեարկության, բայց չի ընդունվել:

Հետաքրքրվեցինք՝ այս նախաձեռնության հարցում ադրբեջանցիների մատը խա՞ռն է, պարոն Բաբայանը պատասխանեց. «Այդ առաջարկը ներկայացրել է հանձնաժողովի նախագահը, բայց ես դեմ եմ եղել այդ նախաձեռնությանը՝ նաև հաշվի առնելով Սարսանգի ջրամբարի նախագիծը, որ չի կարելի փակ դռների ետևում նման կարևոր նախագիծ քննարկվել»:

Վահան Բաբայանը տեղեկացրեց, որ Սարսանգի ջրամբարի հետ կապված զեկույցը հնարավոր է կրկին քննարկման դրվի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը անցկացվելիք՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930