Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրական բարեփոխում վերնագիրը կրող էշը սարքում ու հրում են մեր մեջ». Լեւոն Բարսեղյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 14,2015 16:50

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի հետ կազմակերպված «Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովը. Հայաստանի եվրոպական հեռանկարները եւ քաղաքացիական հասարակության շարժումները թեմայով» քննարկման ժամանակ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն, արտահայտելով իր կարծիքը սահմանադրական փոփոխությունների մասին, ասաց. «Բաղրամյան 26-ի ազգությունը շատ լավ հաշվարկել են. պահել իշխանությունը: Մարդը իշխանություն պահելու համար սարքում է իր սահմանադրական բարեփոխում վերնագիրը կրող էշը ու հրում է մեր մեջ, բերում գցում է մեջտեղ, ասում է՝ զբաղվե՛ք: Ու լիքը մարդ սկսում է զբաղվել էդ էշով ՝ բոյով է էշը, կարճ է, էս գույնի էլ էշ կլինի՞, այ մարդ, փոխեք գույնը, Վենետիկի հանձնաժողովին մի հատ հարցրեք՝ էս էշի ականջները համապատասխանո՞ւմ են:

Շատ լուրջ զբաղվում են, ահագին լուրջ մարդ զբաղվում է, էն ավանտյուրիստների մասին չէ խոսքը, որոնք այդ արանքը ուզում են բռնել, պաշտոն ստանալ: Դրանց թողնենք մի կողմ, շատ ազնիվ մարդիկ, շատ կիրթ, գրագետ մարդիկ անկեղծորեն զբաղվում են, քանի որ մեյդանում ոչ մի բան չի եղել երկար ժամանակ, մեկ էլ հանկարծ Բաղրամյան 26-ից էշ են հրում ներս՝ կալյոսների վրա, սկսում են լրջորեն որակները վերլուծել էդ էշի:

Ոչ մեկի մտքով չի անցնում, որ Ոդիսեւսը խեղճ տղա չէր էլի, որ մոգոնեց էդ տրոյական ձին, էդքան պաշարեցին, կռվեցին, մորթեցին իրար, ձեւը չգտան, էդ տղան գտավ: Մի Սերժիկ ընդամենը կրկնում է այդ հնարքը, ուրիշ բան չի անում, փոխեք էդ էշը, ինչ ներկ ուզում եք առեք, նախշեք, «Ես սիրում եմ իմ քաղաքը» գրեք վրան, «Արի տուն, այ բալա», ինչ ուզում եք մոգոնեք: Ինչ-որ աղջիկների նշանակեք նախարար, էս գնա ուրիշ աղջիկների գործից ազատի եւ այլն, ինչ ախմախություն ասես կանեն, կարեւորը միջինն է, երբ որ գիշերը պիտի դուրս գա ու բոլորիս հերն անիծի:

Stepan_grigoryan

Էդ բարեփոխում բառից զգույշ եղեք, թողեք դա ժամանակին եւ պատմությանը, թող պատմությունը գնահատի՝ դա բարեփոխո՞ւմ էր, չարափոխո՞ւմ է, չարեփոխո՞ւմ էր, հիմարությո՞ւն էր, ի՞նչ էր, այժմ պայմանականորեն եկեք փոփոխություն անվանենք հա՞, Սերժիկ Սարգսյանի նոր Սահմանադրությունը: Իշխանության զավթում է տեղի ունենում հերթական անգամ, որովհետեւ դա ոչ թե փոփոխություն է, այլ նոր Սահմանադրություն է:

Իսկ եթե մի քիչ էլ շատ խորանանք, նոր Սահմանադրությունը չի կարող լինել երրորդ հանրապետությունում, դա կարող է լինել չորրորդ հանրապետության մեկնարկ, եւ ավելին, դա չի կարող լինել իշխանության կողմից արարվող, դա պետք է լինի Սահմանադրության տերերի կողմից արարվող, այսինքն՝ քանի դեռ մենք չենք գալիս նման պահանջի, իշխանությունը իրավունք չունի նման բաներ սահմանելու: Դա նշանակում է, որ ինքը վերազավթում է իշխանությունը, նորից է զավթում, անընդհատ մինչեւ կյանքի վերջը ամեն ինչ անելու է, որ Կոշում ու Գորիսում չփտի, դրա համար Սահմանադրությո՞ւն է պետք փոխել, 70 անգամ կփոխի»:

Այդ նույն քննարկմանը մասնակցող ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն էլ ասաց, որ ըստ իրեն, այն սահմանադրական փոփոխություն չէ, այլ նոր Սահմանադրություն է, իսկ այսօր սահմանադրական փոփոխությունների, առավել եւս նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա: «Այսօր չկա այդպիսի հասարակական պահանջ, եւ իշխանություններն այս պահին պետք է իրենց բոլոր ունակությունները, իրենց ամբողջ ուժը ուղղեն երկրի սոցիալ-տնտեսական հարաբերությունների, սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորմանը, որովհետեւ բարդել, որ այդ ամեն ինչի պատճառը Սահմանադրությունն է, կարծում եմ՝ այդքան էլ ճիշտ չէ:

Եվ մի շատ կարեւոր հանգամանք, մեր գործող Սահմանադրության մեջ մարդու իրավունքները սահմանված են, իմ կարծիքով, եթե ոչ լիարժեքորեն, ամեն դեպքում գոնե բավարար, արդյո՞ք պահպանվում են այդ իրավունքները: Ես կարող եմ արձանագրել, որ ոչ: Հետեւաբար խնդիրը սահմանադրական թերությունների մեջ չէ»,- ասաց պատգամավորը:

«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանն էլ նկատեց, որ մեր հանրապետությունում մեծ թվով «սկզբունքային» մարդիկ կան, որոնք թույլ չեն տալիս, որ պետությունը զարգանա: «Ես ո՞ւմ եմ մտցնում այդ սկզբունքային մարդկանց շարքերում. մարդկանց, որոնք սկզբունքորեն միշտ գործող իշխանության հետ են: Ես կոչ եմ անում, որ այդ սկզբունքային մարդիկ հիմա լռեն մի քիչ, որ նորմալ մարդկանց ասածը հասնի իշխանությանը: Չես հասցնում մի բան ասել Սահմանադրության մասին, այս մարդիկ հարյուր հոգով վրա են տալիս, բայց լավն ա եւ այլն, եւ այլն: Հիմա այս մարդը, որը ժամանակին ասում էր, թե մեզ կփրկի պրեզիդենտականը, հիմա ասում է՝ մեզ կփրկի պառլամենտականը, հիմա ես ո՞նց հավատամ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930