«Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ տուգանքներն ընդամենը միջոց են մեր նպատակին հասնելու համար: Տուգանելը նպատակ չէ». սրանք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն են, երբ նա խորհրդակցություն է անցկացրել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանությունում իրականացված ուսումնասիրության արդյունքների քննարկման նպատակով:
Սերժ Սարգսյանի հավաստմամբ՝ տեսախցիկների, այդ թվում նաև արագաչափերի տեղադրումը առաջին հերթին արվել է վարորդների և նաև ուրիշների անվտանգությունն ապահովելու համար:
Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Դա արվում է նրա համար, որպեսզի մեր հանրապետության և նաև նրա մայրաքաղաքի հյուրերն իրենց զգան ապահով, որպեսզի տեսնեն այն կարգուկանոնը, որ կա մեր հանրապետությունում, մեր Երևանում: Բայց, որպեսզի մենք կարողանանք սրան հասնել, երկու կարևորագույն խնդիր պետք է լուծենք: Երկուսն էլ կապված են արդարության հետ. առաջինը՝ մենք պետք է կարողանանք տարբերակել կոպիտ խախտումներն այն խախտումներից, որոնք մարդիկ համարում են չնչին խախտումներ, և նրանք դա դիտարկում են որպես իրենցից փող գանձելու միջոց»:
Կարդացեք նաև
Սակայն այս հարցում դեռ շարունակում են մնալ օրենսդրական բացթողումներ, ինչի արդյունքում արդեն տուգանվում և ԴԱՀԿ-ի ձեռքի տակ են ընկնում նաև իշխող կուսակցության ներկայացուցիչները: Օրինակ՝ ԴԱՀԿ-ն կալանք է դրել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանի բանկային քարտի վրա՝ 4000 դրամ տուգանքի պատճառով:
Aravot.am-ը պատգամավորից հետաքրքրվեց՝ ընդունու՞մ է, որ ոլորտում կան բացթողումներ, ինչի հետևանքով հազարավոր քաղաքացիներ են պատգամավորի իրավիճակում հայտնվում, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Ես ասում եմ, դա իմ անձնական գործն է: Ես խախտում եմ արել, և դրա համար ինձ տուգանք են ներկայացրել, վերջ, ուրիշ ոչինչ»:
Հետաքրքրվեցինք՝ համամի՞տ է ՀՀ նախագահի այն պնդման հետ, թե տուգանելը նպատակ չէ, այլ միջոց` իրենց առաջ դրված խնդիրները լուծելու և նպատակներին հասնելու համար, պարոն Մելիքյանը, հարցն անգամ մինչև վերջ չլսելով, ասաց, թե այլ հարցերի չի ուզում պատասխանել, այնուհետև անջատեց հեռախոսը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ