ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հրավերով այսօր Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մասնագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպեց և «Մատչելի միջավայր բոլորի համար» թեմայով դասախոսություն կարդաց ԱՄՆ-ում ապրող և ստեղծագործող հայ ճանաչված ճարտարապետ Արամ Ալաջաջյանը, ով մասնագիտացել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները քաղաքաշինության բնագավառում կիրառելի դարձնելու հիմնահարցերին:
Դասախոսությանը հրավիրված էին և մասնակցում էին պետական կառույցներում, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանում աշխատող մասնագետներ, Երևանի գլխավոր ճարտարապետը, երիտասարդ ճարտարապետներ, մասնագիտական բուհի ավարտական կուրսի ուսանողներ, ինչպես նաև՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք», «Ունիսոն», «Փյունիկ» հասարակական կազմակերպությունների ղեկավարները, ովքեր գործունեություն են ծավալում հենց հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերհանման և լուծման համատեքստում:
Բանախոսը մասնագիտական լսարանի առջև ներկայացրեց ԱՄՆ-ում քաղաքաշինության ոլորտում մատչելի միջավայր ձևավորելուն ուղղված հաջողությունները, որոնք սկիզբ են առել անցյալ դարի 80-ականներից՝ փուլ առ փուլ զարգանալով և կատարելագործվելով:
Հանդիպումն անցավ բավական արդյունավետ, իսկ ակտիվ հարցուպատասխանի ընթացքում Ա. Ալաջաջյանը սպառիչ կերպով պատասխանեց մասնագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ողջունելի համարեց Արամ Ալաջաջյանի՝ մասնագիտական փորձառությունը մեզ հետ կիսելու պատրաստակամությունը, նշելով, որ նման հանդիպումներն անհրաժեշտ է շարունակական դարձնել:
Նա միաժամանակ առաջարկեց հանդիպման մասնակից հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ղեկավարներին՝ խնդրո առարկայի վերաբերյալ քաղաքաշինության նախարարության հետ համագործակցության պայմանագիր ստորագրել միջին և բարձր ռիսկայնության օբյեկտների նախագծերը իրենց կողմից հասարակական փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ:
ՀՀ քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրություն