Aravot.am-ը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ շարունակվելո՞ւ է, արդյոք, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հ/կ-ի եւ ԿԳ նախարարության համագործակցությունը՝ դպրոցներում տնտեսագիտական կրթության համատեքստում:
ԿԳ նախարարը նշեց, որ Արմինե Հովհաննիսյանի ղեկավարած «Պատանեկան նվաճումների» հետ իրենց համագործակցությունն արդյունավետ է: «Սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին կթարմացնենք մեր համաձայնագիրը «Պատանեկան» նվաճումների հետ, իսկապես շատ հետաքրքիր համագործակցության փորձ ունենք տնտեսագիտական կրթության ներդրման հետ կապված՝ դպրոցներում, հատկապես ավագ դասարաններում: Ուրախ եմ, որ իրենք եւս մեզանից շատ գոհ են»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հովանավորվող «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում հանրապետության 11 աշակերտական հասարակական կազմակերպությունների տրամադրեց դրամաշնորհներ՝ հանրային եւ համայնքային ծրագրեր իրականացնելու նպատակով:
Աշակերտները իրենց ֆինանսատնտեսագիտական կարողությունները ցույց տվեցին նաեւ բրեյն-ռինգ խաղում եւ Հյուսիսային պողոտայում կազմակերպված աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառում:
Կարդացեք նաև
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» հ/կ-ի գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը մշտապես կարեւորել է ծրագիրը, որի շրջանակում պատանի «գործարարներին» հնարավորություն է ընձեռվում ցույց տալ այն գործարար հմտությունները, որոնք ձեռք են բերել ծրագրի իրականացման ընթացքում, իսկ որ ամենակարեւորն է՝ դպրոցով, համայնքով, երկրով մտահոգ քաղաքացի է ձեւավորվում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ