«Ակոս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուքյանի գնահատմամբ, Թուրքիայում արտակարգ դրություն է:
Նրա խոսքով, հունիսի յոթին Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ մտած քրդական «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությունը խառնեց իշխանությունների հաշվարկները:
«Այլեւս իրենք միահեծան կառավարություն կազմելու ուժ չունեն, ստիպված են այլ կուսակցության հետ համագործակցել, բայց իշխող էրդողանի կուսակցությունը մոտ չէ այդ գաղափարին, որովհետեւ վախենում է, որ այսպես կարող են քննությամբ բացվել զեղծարարության թղթածրարները, որոնք միլիոնավոր կաշառքների մասին էին ու ծածկված էին իշխանության կողմից»,- այսօր «Մեդիա կենտրոնում» տեսազանգի միջոցով Թուրքիայի ներքաղաքական կյանքի մասին ասաց պարոն Էստուքյանը:
Նրա խոսքով, իշխող կուսակցությունը հենց կեղծիքների բացահայտումից խուսափելու համար դիմեց աննախադեպ քայլի՝ ընտրությունների կրկնությանը. «Նոյեմբերի մեկին է նախատեսված ընտրությունը, որ իշխող կուսակցությունը միահեծան դուրս գա, երկիրը վերածեցին պատերազմական գոտու»:
Նա պատմեց, որ իշխանության կողմից կան մարդիկ, այսպես ասած, խուժաններ, որոնք այս օրերին անկարգություններ են կազմակերպում, շենքերը հրկիզելու փորձեր են անում. «Երկրում քաոսային իրավիճակ է»:
Պարոն Էստուքյանը նկատեց, որ Թուրքիայում լայնորեն հակահայկական քարոզչություն է սկսել, թե իբր ոչ թե քրդական, այլ հայկական շարժումն է անկարգություններ սկսել. «Այսինքն, քարոզչությունը ուղղված է հայերի դեմ: Իրենց քարոզչությամբ, հայի կերպարը համազոր է սատանայի կերպարին»:
Ըստ նրա, վերջին օրերին էլ լուրեր են տարածվում, թե իբրեւ սպանված ահաբեկիչները հայեր են. «Իբրեւ թե քննություն է արվել, պարզվել, որ նրանք թլպատված չէին, ուրեմն հայ են»:
Պարոն Էստուքյանը նաեւ ասաց, որ հայկական համայնքը սովորաբար քվեարկում էր աջակողմյան կուսակցությունների օգտին, բայց այս վերջին ընտրություններին հայ համայնքի դիրքորոշման փոփոխություն նկատվեց. «Հունիսի յոթի ընտրություններին հայերի մեծամասնությունը «Ժողովուրդների ժողովրդավարություն» քրդական կուսակցության օգտին քվեարկեց, սա աննախադեպ երեւույթ է, հայերն ավելի քաղաքականացված են նախորդ տարիների համեմատ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի