Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մարտիրոսյանը անհամբեր սպասում է, թե ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» վաղը ինչ են խոսելու ԱԺ-ում

Սեպտեմբեր 14,2015 12:53

«Խորհրդարանական կառավարման համակարգը, իմ խորին համոզմամբ, չափազանց դրական ազդեցություն է ունենալու: Սա բարձրացնելու է կուսակցությունների դերը մեր կյանքում, քաղաքացիական հասարակության դերը»,- «Հենարան» ակումբում Սահմանադրական փոփոխությունների մասին այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:

Հարցին՝ «այո» ենք ասելու եւ հայտնվենք դրախտո՞ւմ՝ նա պատասխանեց. «Աշխարհում չկա մի երկիր, որը խորհրդարանական կառավարման համակարգ ունի եւ ժողովրդավար չէ: Չափազանց լավ կլինի, եթե այս փոփոխությունները լինեն»:

Նա վստահեցրեց, որ նախագիծն ընդդիմադիր զանգվածի կողմից քննադատության չի արժանացել. «ՀՅԴ-ն, օրինակ, երկու ձեռքով կողմ է: Կան առանձին գործիչներ, որ քննադատում են, այն էլ՝ պարզ չի, թե ինչն են քննադատում: Նրանք դեմ են ընդհանրապես իշխանության կողմից որեւէ փոփոխության: Տարիներ շարունակ կողմ են եղել խորհրդարանական կառավարման համակարգի, ընդհուպ մինչեւ մի քանի ամիս առաջ առավոտից երեկո դրա մասին էին խոսում, հիմա պարզ չի, թե ինչին են կողմ, ինչին են դեմ: Վաղը ԱԺ-ում պարզ կլինի, մեծ հետաքրքրությամբ սպասելու եմ, թե ինչ են խոսելու»:

Aravot.am-ի հարցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ժողովրդին դուրս է բերելու հրապարակ, «Ժառանգությունը» փակ քննարկումներ է անում՝ «ոչ»-ի ճակատ ձեւավորելու համար, «Չեք անցկացնի» շարժում է ձեւավորել եւ վստահեցնում են, որ տապալելու են գործընթացը մինչեւ հանրաքվեն, կհաջողվի՞՝ Լեւոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Այնքան ակնհայտ է, որ իրենց որեւէ բան չի հաջողվի, որովհետեւ որեւէ օրակարգ չկա: Անհասկանալի է, թե ինչին են դեմ եւ ինչն են ուզում տապալել: Եթե դու տարիներ շարունակ կոչ ես արել, որ պետք է անցում կատարվի խորհրդարանական համակարգի, կոչ ես արել, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգ պետք է որդեգրվի եւ դա արվում է, էլ ինչի՞ն ես դեմ»:

Մեր դիտարկմանը, որ իրենք բացատրում են, որ դրա տակ կա իշխանության վերարտադրությունը, որին դեմ են՝ Լեւոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Իշխանության վերարտադրությունը միշտ էլ կա: Վերարտադրվելու համար Սահմանադրությունը չի, որ պետք է փոխի: Գործող կառավարող ուժի վերարտադրվելու ցանկությունը քրեական հանցագործություն չի, դա նորմալ քաղաքական ցանկություն է: Ցանկացած քաղաքական ուժ ցանկացած երկրում միշտ էլ ձգտում է երկար մնալ իշխանության մեջ եւ իր ծրագրերն իրականացնել»:

Նա օրինակ բերեց Գերմանիան եւ Ֆրանսիան, որտեղ վարչապետը կարող է 15 տարի պաշտոնավարել:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, Դուք էլ եք տեսնում դա այս նախագծի մեջ, որ Սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման երրորդ ժամկետի հարցն է լուծում՝ Լեւոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ որեւէ պաշտոն չի ցանկանում գրավել փոփոխություններից հետո, որպեսզի նախօրոք չազդի այս գործընթացի վրա: Եթե մարդը հայտարարել է, որ չի ցանկանում մնալ եւ մեղադրել իրեն, որ մնալու է՝ անհեթեթություն է»:

Մեր դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը 4 տարի շարունակ հայտարարում էր, որ Եվրոասոցացման համաձայնագիր ենք ստորագրելու, բայց մի գիշերվա մեջ ԵՏՄ մտանք, հիմա ի՞նչ երաշխիք կա, որ Սերժ Սարգսյանի մտադրությունը մի գիշերվա մեջ չի փոխվի ու չի վերադառնա՝ պատգամավորը պատասխանեց. «Եվրոասոցացման համաձայնագրի քննարկման պրոցեսում էինք՝ որպես երկիր: Ինչ-որ անհատ չէր դրանով զբաղվում: Այնուհետեւ այլ որոշում կայացվեց, եւ այդ որոշումը հավանության արժանացավ ԱԺ-ի ջախջախիչ մեծամասնության կողմից, մեր հարգարժան ընդդիմադիրների կողմից: Ընդամենը 4 պատգամավոր դեմ քվեարկեց, որի համար ես ուրախ չէի: Նախագահն այնպիսի որոշում էր կայացրել, որը հավանության էր արժանացել ողջ քաղաքական դաշտի կողմից: Փաստորեն, դա ճիշտ որոշում էր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930